«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկում են Ռուսաստանի կողմից Իրանի արևմտյան հատվածում գտնվող «Համադան» ռազմաբազան օգտագործելու և այնտեղ ՍՈւ-34 և ՏՈւ 22-Մ3 կործանիչներ տեղակայելու հարցը:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը` հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ կործանիչները հնարավոր կլինի տեղակայել մոտ մեկ շաբաթում` իրականացնելով Ան-124 և Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների մի քանի տասնյակ չվերթ և օդանավակայանում ստեղծելով համապատասխան ենթակառուցվածք:
Հիշեցնենք , որ օգոստոսի 16-ից Ռուսաստանը «Համադան» ռազմաբազան օգտագործել է ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:
Օգոստոսի 22-ին, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցրել է օգտագործել «Համադան» ռազմաբազան , քանի որ կողմերի միջև բազայի օգտագործման շուրջ հստակ պայմանավորվածություն չի եղել:
Իսկ արդեն օգոստոսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնեց, որ Ռուսաստանը շարունակում է ավիաբազայի օգտագործումը: Խոսնակը նշել էր, որ Ռուսաստանը և Իրանը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում, ինչի շրջանակներում ռուսաստանյան օդուժը շարունակելու է լրալցավորման համար օգտագործել իրանական ավիաբազան: Սակայն, նա նաև հավելել էր, որ Իրանը մշտական հիմունքով ոչ մի երկրի ռազմաբազա չի տրամադրել: