Ռուսաստանի զինուժը կստանա ևս 300 Տ-72Բ3 տանկ

Նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին արդեն մատակարարվել է Տ-72Բ3 արդիականացման հազարից ավելի տանկ, և առաջիկայում արտադրող ընկերությունը զինված ուժերին կտրամադրի ևս 300 միավոր այդ տանկերից: Այս մասին սեպտեմբերի 9-ին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ ավտոզրահատանկային վարչության պետ Ալեքսանդր Շևչենկոն:

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Պաշտոնյայի խոսքով՝ այդ տանկերի ստացումն իրենք սկսել են դեռ 4 տարի առաջ, և այս տանկով իրենք գին/որակ հարաբերակցության մեջ «ուղիղ նշանակետին են խփել»:

Տանկի վրա զինվորականների պահանջով տեղադրվել են ավելի կատարելագործված շարժիչ, զրահ և նշանառման համալիր:

Պաշտոնյան խոսել է նաև Տ-90 տանկերի մասին և նշել, որ ռեսուրսը սպառած մի քանի հարյուր միավոր Տ-90 տանկ շուտով ուղարկվելու է արդիականացման, որպեսզի երկարացվի դրանց շահագործման ժամկետը:

Նշենք, որ Տ-72Բ3 արդիականացման տանկերը արդեն 40 տարի շահագործվող Տ-72 տանկերի ամենաթարմ տարբերակն են: Ռուսաստանի զինված ուժերին դրանց մատակարարումը սկսվել է դեևս 2013-ին (մինչ այդ Ռուսաստանն արդեն հրաժարվել էր Տ-90 տանկերից):

Տ-72Բ3 տանկերը հավանաբար Ռուսաստանի զինված ուժերում կծառայեն մինչև նորագույն «Արմատա» տանկերով զինված ուժերի ամբողջական համալրումը: Ինչ վերաբերում է «Արմատաներին», ապա սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ՊՆ-ն զինված ուժերի կարիքների համար արդեն պատվիրել է այդ տանկերի առաջին խմբաքանակը՝ բաղկացած 100 միավորից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *