Թուրքիայի մի շարք շրջաններում քրդերի դեմ լայնածավալ գործողություններ են ընթանում

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է 13 գյուղում «փողոց դուրս գալու արգելք» սահմաներուլ և «քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Գործողությունները մեկնարկում են այսօրվանից՝ սեպտեմբերի 9-ից, անորոշ ժամկետով, մինչև հաջորդ հրամանը: PKK-ի դեմ գործողություններն իրականացվելու են նահանգի մի շարք գյուղերում, բնակավայրերում:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Իրանին և Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառում շարունակվող գործողությունների արդյունքում թուրքական զինուժը կարողացել է վրահսկողության տակ վերցնել տարածքներ, որտեղ չէր կարողանում մուտք գործել շուրջ 30 տարի:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն իր հերթին հայտնել էր սեպտեմբերի 6-8-ին Չուքուրջայում ավիահարվածների արդյունքում սպանված 186 քուրդ զինյալի մասին: Թուրքական զինուժը քրդերի դեմ, ավիացիայի ներգավմամբ, ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել նաև Թունջելի (Դերսիմ) նահանգում:

Քրդական ANF News գործակալությունն իր հերթին հայտնում է սեպտեմբերի 9-ին Սիլոփիում թուրքական 8 հատուկջոկատայինի սպանության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *