Ի պատասխան միջազգային նոր պատժամիջոցների` Իրանը Եվրամիությանը սպառնում է իրականացնել, այսպես կոչված, «Կեղտոտ ջուր» գործողությունը և նավթ բաց թողնել Հորմուզի նեղուց, ինչն այդ շրջանում էկոլոգիական աղետի պատճառ կդառնա:
Այս քայլով Իրանը ցանկանում է ջրի աղտոտման ու դրա հետևանքով վառելիքի մատակարարումների դադարեցման միջոցով պատժել թշնամաբար տրամադրված հարևան արաբական պետություններին և ստիպել Արևմուտքին մասնակցել ջրի մաքրման ծավալուն միջոցառումներին:
Մատակարարումները վերսկսելու համար անհրաժեշտ կլինի ամբողջությամբ մաքրել նեղուցը, ինչը չի կարող իրականացվել առանց Իրանի տեխնիկական օգնության:
Դամասկոսն այդ հարցում օժանդակություն կցուցաբերի միայն ԵՄ կողմից պատժամիջոցները մեղմելու դեպքում, ինչը ևս այս ծրագրի մի մասն է:
Սա զուտ սպառնալիք կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հավանություն չի տա այս գործողության իրականացմանը:
Նշենք, որ Իրանի դեմ ԵՄ հոկտեմբերի 5-ին սահմանված նոր պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, հեռահաղորդակցության և էներգետիկ ոլորտներին:
Իրան արտահանվող արգելված ապրանքների ցանկում այնպիսի նյութեր են, որոնք Իրանը կարող է օգտագործել ուրանի միջուկային ծրագրում, ինչպես նաև հրթիռահրետանային զինամթերքի արտադրությունում: Մասնավորապես, արգելված է գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ինչպես նաև դիտարկման, կառավարման և տվյալների հավաքման արտադրական ծրագրերի տրամադրումը Իրանին:
ԵՄ արգելել է նաև բնական գազի ներմուծումը Իրանից ու ընդլայնել այն սարքավորումների ցանկը, որոնք արգելվում է վաճառել նավթագազային և վառելիքաքիմիական ոլորտում օգտագործելու համար:
Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ նավագնացության ոլորտում. արգելվում է իրանական նավթի և վառելիքաքիմիական արտադրանքի տեղափոխման կամ պահպանման համար օգտագործել ԵՄ քաղաքացիներին կամ ընկերություններին պատկանող նավերը: