Սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան 11:20-ին (չի հստակեցվում ժամային գոտին), Սև ծովի միջազգային օդային տարածքում միջադեպ է գրանցվել ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչի և ԱՄՆ ՌՕՈւ P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի միջև:
Ըստ ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության՝ գործողությունը տևել է 19 րոպե, Սու-27 կործանիչը սկզբից հեռավորություն է պահել 9 մետր, ապա մոտեցել մինչև 3 մետր: Ամերիկյան կողմը նման քայլը որակել է որպես վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ. միջադեպը կարող էր ավարտվել մահացու ավիավթարով կամ երկրների հարաբերությունների սրմամբ: P-8A Poseidon-ը տարածքում իրականացնում էր կանոնավոր գործողություն:
Ավելի ուշ միջադեպը մեկնաբանել է նաև ռուսաստանյան կողմը. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ ՌՕՈւ հետախույզ-ինքնաթիռները ՌԴ պետական սահմանին մոտենալու երկու փորձ են կատարել: Դրան ի պատասխան Ռուսաստանից օդ են բարձրացվել Սու-27 հերթապահ կործանիչներ, որոնք մոտեցել են ամերիկյան ինքնաթիռներին, ինչից հետո ամերիկյան ինքնաթիռները կտրուկ փոխել են ուղղությունը և հեռացել ՌԴ սահմանից:
Ռուսաստանի ՊՆ-ն հավաստիացրել է, որ իրենց կործանիչները գործել են միջազգային նորմերին համապատասխան:
ՌԴ կողմը նաև նշել է, որ «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության մեկնարկից սա առաջին դեպքը չէ, ինչ ՆԱՏՕ-ի ավիացիան փորձում է մոտենալ ՌԴ սահմանին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ԶՈւ P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռ է մոտեցել Ղրիմին | Ռազմ.info
Pingback: Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում | Ռազմ.info