Ռուսաստանը այլևս հետ չի մնում այլ երկրներից ԱԹՍ-ների արտադրման և տեղայնացման հարցում: Ռուսաստանյան բանակը իր սպառազինությունում արդեն ունի գրեթե բոլոր տիպի ԱԹՍ-ներ՝ մարտավարականից մինչև ռազմավարական կարգի, հետախուզական, հարվածային, ինքնաթիռային և ուղղաթիռային տիպի ԱԹՍ-ներ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Յուրի Բորիսովը «Ռոսիա 24» հեռուստալիքին տված հարցազրույցում (Տեսանյութը ստորև):
Յուրի Բորիսովը ասում է, որ ՌԴ ԶՈւ-ն հավասարվել է իր սպառազինության կարգով աշխարհի առաջատար բանակներին:
Այնուամենայնիվ, դեռևս 1 տարի առաջ Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հետ է մնացել այնպիսի կարևոր հեղափոխությունից, ինչպիսին անօդաչու թռչող սարքերի և ռոբոտիզացված համակարգերի նախագծումն է:
Սրանից հետո մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ սկսեցին ակտիվորեն ներկայացնել իրենց մշակումներն այդ ոլորտում, հայտնվեցին ինչպես հենց ԱԹՍ-ներ, այնպես էլ տարբեր նշանակության զրահապատ ռոբոտներ:
Մասնավորապես հենց ՌԴ ՊՆ փոխնախարարի հարցազրույցի օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանը ստացել է «Էլերոն-3» ԱԹՍ-ի 5 համալիր (սարքերն ու օժանդակ տեխնիկան), ևս 30-ը սպասվում են այս տարվա վերջին:
Իսկ դրանից մեկ օր առաջ էլ ռուսաստանյան ԿՌԷՏ («КРЭТ») կոնցերնը փոխտնօրեն Յուրի Մաևսկին հայտնել էր, որ առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է ստեղծել այնպիսի անօդաչու թռչող սարք, որի վրա կարող են տեղադրել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ: