Ապրիլի մարտերից հետո ՊԲ-ն շեշտը դնում է տեխնիկական հագեցվածության վրա. Մնացականյան

Ապրիլյան գործողություններից հետո ահռելի աշխատանքներ իրականացվել են, հիմնականում մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես նաև զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Այս մասին հայտարարել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:

ՊԲ գումարտակային գիշերային զորավարժության ընթացքը

ՊԲ գումարտակային գիշերային զորավարժության ընթացքը (արխիվ)

«Բոլոր ուղղություններով մենք աշխատել ենք, որպեսզի տեխնիկական կոմպոնենտը ավելի շատ տեղ գրավի և իջեցնենք մարդկային գործոնի ազդեցությունը: Այդ ամեն մենք արդեն փորձարկել ենք, և արդյունքները գոհացուցիչ են», — հայտարարել է ՊԲ հրամանատարը:

Մնացականյանը նշել է, որ 21-րդ դարի և նախորդ դարավերջի պատերազմները տարբերվում են իրարից, քանի որ փոխվել են զինատեսակները, ինչը ազդել է նաև մարտավարության ու զինվորի հոգեբանության վրա:

«Վերլուծելով ապրիլյան գործողությունները՝ մենք ենթադրում ենք տեխնիկական միջոցներով ավելի հագեցված, հնարավորություններով ավելի բարձր զինվորներ և ստորաբաժանումներ ունենալ», — նշել է ՊԲ հրամանատարը:

Խոսելով առաջնագծի հագեցվածությանը և գիշերային տեսանելիության սարքերի ձեռքբերմանը՝ Մնացականյանը չի նշել, թե որտեղից են գնում առաջնագծին մատակարարվող սարքերը, սակայն մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ շեշտը դնում են տեղական արտադրանքի վրա, քանի որ դա ավելի արդյունավետ է ինչպես շահագործման ու նորոգման, այնպես էլ գաղտնիության ռեժիմի պահպանման տեսանկյունից:

Տեղական ռազմական արդյունաբերության մասին խոսելիս էլ ՊԲ հրամանատարը նշել է, որ ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցին և գնահատեցին հայկական ռազմարդյունաբերության ներուժը:

«Մենք ունենք միջոցներ, որոնցով անակնկալի կբերենք հակառակորդին: Անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում և դրանով իսկ մենք կապահովենք մեր զորամասերի, ստորաբաժանումների խնդիրների կատարումը», — նշել է Մնացականյանը՝ խոսելով հայկական զինուժի կարողությունների մասին:

Նույն հարցազրույցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարը խոսել է նաև Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի զինուժի գնումների, զորավարժությունների և առաջնագծի իրավիճակի մասին:

Ստորև Լևոն Մնացականյանի հարցազրույցն ամբողջությամբ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *