2016-ի օգոստոսի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի և 17 վիրավորի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ ուժերում:
Մարտական կորուստ
• Օգոստոսի 2-ին ՊԲ արևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 1996թ. ծնված զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Օգոստոսի 4-ին ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել է 1997թ. ծնված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է սեփական ինքնաձիգից արձակված կրակոցից:
• Օգոստոսի 5-ին ՀՀ ԶՈւ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը:
Վիրավորներ
• Օգոստոսի 15-ին Երևան–Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է ՀՀ ՊՆ «Սադկո» ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայող տեղափոխվել է բժշկական կենտրոններ: Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ է ստացել 4 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
—
• Օգոստոսի 25-ին Կոտայքի մարզի Արագածավան գյուղի մոտ մեքենայի կողաշրջվելու հետևանքով մահացել է ՌԴ սահմանապահ զորքերի 38-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը, նույն պատահարի հետևանքով կապիտան Ալեքսանդր Սվիտկոն հետագայում մահացել է հիվանդանոցում։
Աղբյուրներ
Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։
Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ
Հայկական զինուժի կորուստները հուլիսին՝ այստեղ