Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 տանկիստ Տ-72Բ տանկերով սկսել է վարժանքներ անցկացնել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում, որի ընթացքում տանկիստները ուսումնական մարտեր են վարելու միմյանց դեմ: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
«Տանկային դուելների» ժամանակ տանկերից մեկը դարանում սպասելու է, իսկ մյուսը մանևրելով մոտենալու է դուելի վայրին, ինչից հետո սկսվելու է մարտը ուսումնական զինամթերքով:
Այս տեսակ մրցութային վարժանքները, որոնք ռուսաստանյան ռազմաբազան անցկացնում է վերջին երկու տարիների ընթացքում, թույլ են տալիս անձնակազմերին վարժանքները կազմակերպել մարտականին նման պայմաններում:
Վարժանքների ընթացքում տանկիստները նաև կատարելագործելու են կրակային և մարտավարական պատրաստության հմտությունները, բարդ պայմաններում տանկերը վարելու կարողությունները:
Ինչ վերաբերում է մյուս դուելներին, ապա ռազմաբազան վարժանքների ժամանակ դուելներ է անցկացնում նաև դիպուկահար զինծառայողների միջև, իսկ հենց տանկիստների միջև դուելներն անցկացվում են 2014 թվականից: