Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 18-ին երկօրյա այցով կժամանի Թբիլիսի: Այցի շրջանակներում Ապատուրայը Վրաստանի գործող և նորընտիր կառավարության հետ կքննարկի Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, մասնավորապես` ընթացիկ տարում Վրաստանի արձանագրած առաջընթացը և ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցում առաջիկա ծրագրերը:
Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ում Վրաստանի պատվիրակ Գրիգոլ Մգալոբլիշվիլին, ով այս օրերին գտնվում է Բրյուսելում, և հավելել, որ ներկայումս հստակեցվում է Ապատուրայի այցի ծրագիրը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած ընտրություններից հետո սա ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն է Վրաստան:
Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի և Վրաստանում ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլու միջև օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ևս քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը, ինչպես նաև դաշինքի կազմում Վրաստանի ինտեգրմանը վերաբերող հարցեր: Այդ մասին գրված է Իվանիշվիլու ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հեռախոսազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իվանիշվիլուն հաղթանակի առթիվ և ասել, որ Վրաստանն այդ ընտրություններով ժողովրդավարության հաջող քննություն է հանձնել: