ԱՄՆ-ն և Հնդկաստանը լոգիստիկ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կողմերը ստորագրել են մատակարարումների և վերանորոգման համար ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազաների համատեղ օգտագործման համաձայնագիր: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ կայքը:

ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հնդկաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները առանձնացրել է 2 մասի՝ մարտավարական և տեխնոլոգիական:

Տեխնոլոգիական համագործակցությունը, ըստ Քարթերի, իրենից ենթադրում է մի շարք համատեղ նախագծեր, որոնք վերաբերում են համագոծակցություն քիմիական և բիոլոգիական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ինքնաթիռների և ավիակիրների հետ կապված հարցերում: Իսկ ինչ վերաբերում է մարտավարական նշանակությանը, ապա Քարթերը ընգծել է խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում հավասարակշռության պահպանման ԱՄՆ քաղաքականությունը և դրանում Հնդկաստանի դերը:

Պայմանագիրը իր մեջ ունի նաև առևտրին առնչվող հատված, քանի որ Քարթերը իր խոսքում նշել է, որ այն հենված է «պաշտպանական տեխնոլոգիաների և առևտրի նախաձեռնության» վրա, ինչը նախատեսում է նաև Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական ոլորտում առևտրային պայմանավորվածություններ:

Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Փարիկարը նշել է, որ պայմանագիրը ավելի դյուրին կդարձնի երկու երկրների նավատորմերի համագործակցությունը համատեղ գործողությունների և հումանիտար օգնությունների ժամանակ:

Asia Times լրատվական գործակալությունը, անդրադառնալով պայմանագրին նշում է, որ Քարտերի և Փարիկարի միջև համագործակցության սկզբունքները շուրջ համաձայնության էին եկել դեռ ապրիլին (ապրիլին Հնդկաստան էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը), սակայն այդ ժամանակ դեռ պայմանագրի մանրամասները ճշտված չէին: Նշվում է նաև, որ լոգիստիկ ոլորտում համագործակցության պայմանագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի զորքերի տեղակայում Հնդկաստանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *