Օգոստոսի 25-ին ԱՄՆ-ն Աֆղանստանի զինված ուժերին փոխանցել է նախապես որոշված խմբաքանակի վերջին 4 միավոր MD-530F Cayuse Warrior թեթև բազմանպատակային ուղղաթիռները՝ դրանց քանակը Աֆղանստանի ՌՕՈւ-մ հասցնելով 27-ի: Ուղղաթիռները տեղակայվելու են մայրաքաղաք Քաբուլում:
Այս մասին հայտնում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարության կայքը:
Ուղղաթիռները Աֆղանստան են հասցվել Կալիֆորնիայի Թրավիս ավիաբազայից՝ Բոինգ C-17 ռազմական բեռնատար ինքնաթիռով: Նշվում է, որ այս ուղղաթիռները, ինչպես նաև այս տարվա հուլիսին Աֆղանստանին մատակարարված մյուս 5-ը կարող են կրել 70 մմ հրթիռներ կամ 12,7մմ տրամաչափի գնդացիր:
Աֆղանստանում գործող ԱՄՆ 438-րդ Էքսպեդիցիոն-խորհրդատվական էսկադրիլայի հրամանատար, գնդապետ Բիլ Էշֆորդը նշել է, որ այդ 4 ուղղաթիռները զինված են նշանառության համակարգով, որը չի եղել սկզբում մատակակարված 13 ուղղաթիռների վրա, սակայն աշխատանքներ են տարվում այդ խմբաքանակի ուղղաթիռները ևս 70մմ հրթիռներով և նշանառու համակարգերով սպառազինելու համար:
Իսկ գնդապետ Հենդերսոնը նշել է, որ չնայած ուղղաթիռները տեղակայվելու են Քաբուլում, դրանք կկարողանան օգտագործվել նաև Աֆղանստանի հարավային, կենտրոնական և արևմտյան շրջաններում, իսկ փոքր չափերը թույլ կտան նրանց Աֆղանստանի ՌՕՈւ C-130 բեռնատար ինքնաթիռներով տեղափոխել պահանջված վայրեր:
Նշենք, որ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.:
«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 131 խաղաղապահ զինծառայողներով: