ՌԴ փոխվարչապետ, հյուսիսային Կովկասում ՌԴ պատվիրակ Ալեքսանդր Խլոպոնինը օրերս “Россия-1” հեռուտաալիքի “Вести в субботу” հաղորդաշարի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ են հատկապես վերջին շրջանում Հյուսիսային Կովկասում իրականացվող հատուկ գործողություններին բանակային ստորաբաժանումներ և մարտական ավիացիա ներգրավվել, ասել է, որ դրանք իրականում ոչ թե հատուկ գործողություններ, այլ զորավարժություններ են:
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ Հյուսիսային Կովկասում իրականացվող հակաահաբեկչական միջոցառումներին զինված ուժերը չեն մասնակցում: Այո, մենք Դաղստանում ունենք որոշ զորամիավորումներ, բայց նրանք արդեն 5-րդ տարին է, ինչ այնտեղ են և բավականին արդյունավետ համագործակցում են մեր իրավապահների հետ: Հենց այդ պատճառով էլ զինված ուժերը ներգրավված չեն այս տարածաշրջանում իրականացվող հակաահաբեկչական միջոցառումներում»,- ընդգծել է ՌԴ պատվիրակը:
Նա հիշեցրել է ՌԴ Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջաններում անցկացված «Կովկաս-2012» զորավարժությունների մասին, որի ժամանակ մեծ քանակությամբ ուժեր, տեխնիկա և միջոցներ են ներգրավված եղել և ընդգծել, որ ներկայումս Հյուսիսային Կովկասում ավարտին են մոտենում բանակային հետախուզական ուժերի զորավարժությունները, ուստի կարող է տպավորություն ստեղծվել, թե նրանք հակաահաբեկչական միջոցառումների են մասնակցում:
Ըստ Խլոպոնինի` Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների ակտիվացում չկա, փոխարենը որոշակի ակտիվացում է նկատվում իրավապահների շրջանում: Չորեքշաբթի ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի անդամ Ալեքսանդր Տորշինը հերքել է Հյուսիսային Կովկասում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներ տեղակայելու մասին լուրերը և տեղեկություններն այն մասին, թե ԱՀԿ-ն քննարկել է այդ հարցը:
«Իրավիճակը Հյուսիսային Կովկասում վերահսկվում է, իսկ զինված խմբավորումների անդամներն ու ղեկավարները վնասազերծվում են ավելի շուտ, քան կարող են որևէ ահաբեկչություն իրականացնել»,- ընդգծել է Տորշինը:
Միևնույն ժամանակ շաբաթ օրը ՌԻԱ Նովոստին հայտնել է Դաղստանի Խասավյուրտի շրջանում անցկացված հատուկ գործողության հետևանքով զոհված մեկ զինծառայողի մասին:
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել Դաղստանի Բույնակի շրջանում զինվորականների մասնակցությամբ զինյալների արգելափակման և վնասազերծման առաջին հատուկ գործողության ժամանակ պայմանագրային 4 զինծառայողի մահվան և մի քանի վիրավորի մասին:
Ուշագրավ է նաև, որ ըստ Ինտերֆաքսի` ռուսական բանակում ձևավորվող ուժեղացված գումարտակները նախատեսված է օգտագործել հենց հյուսիսային Կովկասում: Ըստ աղբյուրի` վերջին շրջանում ՌԴ ՆԳՆ զորքերը զգալի կորուստներ են կրում Հյուսիսային Կովկասում, ուստի բացառված չէ, որ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն ՆԳՆ զորքերը բանակային ստորաբաժանումներով համալրելու որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն և օպերատիվ շտաբը հոկտեմբերի 1-ից Հյուսիսային Կովկասում հատուկ գործողությունների իրականացման գործում նաև բանակային ստորաբաժանումների ներգրավման որոշում են կայացրել:
Աղբյուրներ` http://www.ria.ru/defense_safety/20121013/773337681.html
http://grani.ru/War/Chechnya/m.207391.html