Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայի բոլոր ինքնաթիռներին արգելվում է մուտք գործել Թուրքիայի օդային տարածք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսկվա-Դամասկոս չվերթով թռչող քաղաքացիական Airbus A-320 ինքնաթիռին հարկադրել են վայրեջք կատարել Անկարայում, ստուգումներ անցկացրել, առգրավել բեռը և նոր միայն թույլատրել շարունակել թռիչքը: Ըստ թուրքերի` ինքնաթիռում ռազմամթերք է եղել:
Օդային տարածքի փակման մասին Թուրքիան Սիրիային տեղեկացրել է հոկտեմբերի 13-ին, բայց հրապարակային հայտարարություն չէր արել: Սիրիան, իր հերթին, նույն օրը հայտարարել էր, որ Թուրքիայի համար փակում է իր օդային տարածքը:
Հեռուստատեսային հայտարարության ժամանակ Դավութօղլուն ասել է, որ «Սիրիայի հայտարարությունը մեզ համար արժեք չունի», և քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք տեղափոխելու մեղադրանք ներկայացրել Սիրային: Նա նաև հավելել է, թե իր երկիրը չի բանակցի սիրիական կառավարության հետ, քանի դեռ Սիրիայում շարունակվում են բռնություները քաղաքացիական բնակչության դեմ:
Թուրքիան և Սիրիան ունեն 800 կմ սահման և այն արագորեն վերածվում է հակամարտության գոտու: