ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում մի քանի ամիս խաղաղապահ ծառայության շրջանակներում իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը հաջողությամբ իրականացրած զինծառայողները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։
Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում պաշտպանում է երկրի հյուսիսային հատվածում տեղակայված Քունդուզ և Մազարի-Շարիֆ օդանավակայաններն ու դրանց կից ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է տեղացի զինծառայողների մարզման ծրագրին Տալոկան քաղաքում (OMLT group)։
Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։
2015թ. մայիսի դրությամբ ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Առաքելություններին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում 2016 թ. հուլիսի 8-9-ին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտնել էր, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը (նախագահի խոսքում նշվում է «Հաստատակամ աջակցություն»):