Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված հրադադարի խախտումն էր, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, ապա, ավելի ուշ, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մամուլը նաև անդրադարձել է ռազմական բժշկի օրվան՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանի մեկնաբանությամբ ներկայացնելով ոլորտի խնդիրներն ու զարգացումները։ Իսկ մի խումբ երիտասարդներ մամուլի միջոցով երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարից պահանջում են հրապարակել պաշտոնյաների մասին տվյալներ, որոնցից պարզ կդառնա՝ պաշտոնյան ծառայել է Հայոց բանակում, թե ոչ։ Տպագիր մամուլն էլ անդրադարձել էր շարքային զինծառայողին ծեծելու դեպքին։ Իսկ Բաքուն Մոսկվայից տարեկան 15 միլիոն դոլար է պահանջում՝ Գաբալայի ՌՏԿ–ի համար։
Նախ ամենակարևորի մասին՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետևանքով զոհվել է զինծառայող Արեն Սիմոնյանը և ցուցաբերած արիության համար՝ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի, որը մահացած զինծառայողի քայլերի արդյունքում ձախողվել է, սակայն հայ զինվորը դիպուկահարի կրակոցից մահացել է։ Հայկական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ սադրանքի հետևանքով զոհվել է մի քանի ադրբեջանցի, իսկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» հաղորդմամբ՝ «Հայկական կողմը վստահեցնում է, որ այս սադրանքը անպատիժ չի մնա և կփոխհատուցվի ադրբեջանական կողմի բազմաթիվ զոհերով»։
Արտաշես Փարսադամյանը հայտարարել է, որ Հայոց բանակ են զորակոչվում առողջական խնդիրներ չունեցող զինվորները, իսկ առողջները չեն հայտնվում հոսպիտալներում. «Հոսպիտալ հասնելու համար մի քանի օղակ է զինվորն անցնում և բացառված է, որ առողջ զինվորը հայտնվի հոսպիտալում, իսկ հիվանդը ծառայի սահմանին»: Ինչ վերաբերում է հավանական պատերազմին՝ գնդապետ Փարսադամյանը նշեց, որ այդ դեպքում դաշտային հոսպիտալները 6-8 ժամում կտեղակայվեն ողջ ռազմաճակատով՝ ապահովելով զինվորների բուժումը։ Նա չի շրջանցել նաև հոգեկան շեղումներով զինվորների գոյության թեման՝ ասելով, որ բանակ զորակոչվելիս նրանք առողջ են լինում և ոչ մի բժիշկ ի զորու չէ իմանալ, թե նորակոչիկը հետագայում հոգեկան շեղումներ կունենա, թե ոչ։ Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 18-ը ռազմական բժշկի օրն է։
Իսկ մի խումբ երիտասարդներ գերագույն-գլխավոր հրամանատարին առաջարկում են նայել 1972թ ից հետո ծնված նախարարների և պատգամավորների ցանկը և համեմատել ծառայածների և չծառայածների թվերը միմյանց հետ:
Տպագիր մամուլն էլ գրում է. «ՊՆ 3-րդ հրետանային դիվիզիոնի 9-րդ մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Վասիլ Ծառուկյանը ծեծել է շարքային Դերենիկ Անանյանին՝ դասընթացների պլան-համառոտագիրը սխալ կազմելու համար»:
Իսկ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր վարորդների միջև տեղի ունեցած միջադեպին՝ հավաստիացնելով, որ մեղավորները կպատժվեն։
Անդրադառնալով այլ լուրերին, որոնք կարող են հետաքրքրել հայ լսարանին՝ ասեմ, որ Բաքուն բարձրացրել է Գաբալայի ռատիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) վարձակալության վճարի չափը և Մոսկվայից նախկին 7 մլնի փոխարեն՝ պահանջում է 15 միլիոն դոլար, իսկ թե ինչ տեղի կունենա հետագայում՝ ցույց կտան ռուս-ադրբեջանական բանակցությունները։
Սրանք հայկական մամուլի ուշադրության արժանացած հիմնական լուրերն էին։