Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) հայտարարում են, որ Սիրիայի Մանբիջ քաղաքը «Իսլամական պետությունից» մաքրելու գործողությունն ավարտված է, ինչի պատճառով քաղաքի ղեկավարումը հանձնել են տեղի արաբական խորհրդին և դուրս եկել: Այս մասին հայտնում է քրդական Kurdistan24 լրատվակայքը:
Հիշեցնենք, որ քրդական ուժերը Եփրատից արևմուտք՝ Հալեպի հյուսիսում ընկած քաղաքը ԻՊ գրոհայիններից ազատագրել էին ընդամենը երկու շաբաթ առաջ:
Սիրիայի քրդերի այս հայտարարությունը անմիջապես հաջորդում է Թուրքիա այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի պահանջին, որ քրդերը պետք է Եփրատից արևելք հետ քաշվեն և չանցնեն սահմանը՝ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի նրանց ցուցաբերվող օգնությունը:
Ավելին՝ այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ (1, 2)՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Բայդենը հայտնել էր, որ քրդերի հետ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և նրանք այլևս Եփրատից արևմուտք չեն անցնի:
Հետաքրքրական է, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, Բայդենի պահանջ ” հայտարարությունից հետո YPG-ի մամուլի խոսնակ Ռեդուր Խելիլը հայտարարել էր (1, 2, 3), որ քրդական ուժերը կմնան Եփրատի արևմուտքում գրաված տարածքներում և հետ չեն քաշվի: Ներկայումս հայտնի չէ, թե արդյոք քրդերը Եփրատից արևելք են հետ քաշվել, կամ միայն Մանբիջն են հանձնել, սակայն դեռևս գետից արևմուտք ուժեր ունեն:
Նշենք, որ երեկ թուրքական զինուժը նախ ավիա և հրետանային հարվածներ էր հասցրել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից և Մամբիջից արևմուտք տեղակայված Ջերաբլուսի շրջանում ԻՊ դիրքերին, ապա տանկերով և այլ զրահատեխնիկայով ներխուժել Սիրիայի տարածք: Թուրքական զրահատեխնիկայի հետ Ջերաբլուսի գրավմանը մասնակցել են Թուրքիայի աջակցությամբ գործող այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, այդ թվում՝ Սիրիայի թուրքմենները և մի շարք այլ ծայրահեղական խմբավորումներ:
Այս գործողությանը զուգահեռ՝ Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարել էին, որ գործողություններն ուղղված են նաև քրդական ուժերի դեմ:
Նշենք, որ Եփրատից արևմուտք քրդերի չանցնելու հարցը Թուրքիայի համար սիրիական պատերազմի տարիներին առաջնային խնդիրներից մեկն է եղել: Քրդական ուժերը ներկայումս վերահսկում են Եփրատից արևելք ընկած Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից շրջանները, ինչպես նաև՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Աֆրինի շրջանը: Եփրատից արևմուտք անցնելու և հաստատվելու պարագայում նրանք կվերահսկեն թուրք-սիրիական սահմանի ողջ հյուսիսային հատվածը, ինչը Թուրքիայի կողմից ընկալվում է որպես իր անվտանգության սպառնալիք: