Այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, զինյալների դիրքերի գիշերային հրետակոծությունից հետո, Սիրիայի կառավարական ուժերը հարձակման են անցել Հալեպի հարավարևմտյան թաղամասերի ուղղությամբ՝ փորձելով զինյալներից ամբողջովին մաքրել ռազմական քոլեջների շրջանը և Հալեպում շրջափակել նրանց:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող իր թղթակցին:
Նշվում է, Սիրիայի կառավարական ուժերը արևելքից և արևմուտքից միաժամանակյա հարձակման են անցել Հալեպի հարավ-արևմտյան շրջաններում գտնվող զինյալների հրետանային և թիկունքային ուսումնարանների ուղղությամբ: Աղբյուրը նշել է նաև, կառավարական ուժերի շրջանում վիրավորների մասին:
Գիշերային հրետակոծությունների մասին հայտնում է նաև արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը: Նշվում է, որ կառավարական ուժերը ՀԿՌՀ-ներից (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) հարվածել են Հալեպից հյուսիս ընկած «Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Քաֆռ Համռա, Անադան, Հայյան և Հառիթան գյուղերին:
Ավելի վաղ նույն աղբյուրը նաև հայտնել էր, որ չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին, սիրիական կառավարական ուժերը լիբանանյան Հիզբալլահ խմբավորման մարտիկների հետ միասին գրոհել էին Հալեպի հարավային շրջանները և ալ-Համդանիյահ թաղամասում «Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորումից ազատագրել որոշ շինություններ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի գիշերը, Սիրիայի կառավարական բանակի և լիբանանյան Հիզբալլահի միացյալ ուժերին հաջողվել էր Հալեպի հարավարևելյան մասում ճեղքել «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» («Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման պաշտպանական գծերը և զինյալներից ազատագրել ռազմական ակադեմիայի մասնաշենքերի մեծ մասը:
Pingback: Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Հալեպի հարավը մաքրել ահաբեկիչներից | Ռազմ.info