14:30 Ինչպես հայտնում են Դաղստանի ՆԳՆ-ից, հոկտեմբերի 12-ի կեսօրին Դաղստանի Խասավյուրտի շրջանում գործի դրված պայթուցիկի հզորությունը համարժեք է եղել 6 կգ տրոտիլի:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ այդ տարածքով անցել է քաղաքի ղեկավար Սայգիդփաշա Ումախովին տեղափոխող ավտոշարասյունը: Պայթյունի հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան, վնասվել են միայն շարասյան մի քանի մեքենաներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի 32 կտոր, ինչպես նաև մեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ:
Կաբարդինո Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի տներից մեկում երեկ ժամը 11:00-ի սահմաններում արգելափակված զինյալները վնասազերծվել են: Ժամը 11:30-ից Նալչիկում մտցված հակաահաբեկչական ռեժիմի ակտիվ փուլն ավարտվել է: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտ և ինքնաշեն մի քանի նռնակ:
Սպանված զինյալները, ըստ նախնական տվյալների, այսպես կոչված, «Նարտկալինյան» խմբավորման անդամներ Ռուստամ Տոխովն ու Միր-Զուրաբ Ասադուլագին են: Իրավապահների և զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ոստիկանության սպա է զոհվել:
One response to “Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 13 հոկտեմբերի. թարմացվող լրահոս”