Ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են

Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի կառավարությանը զինամթերք մատակարարելու մեջ:

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսկվա-Դամասկոս չվերթով թռչող քաղաքացիական Airbus A-320 ինքնաթիռին ստիպել են վայրեջք կատարել Անկարայում, ստուգումներից հետո առգրավել բեռը և նոր միայն ազատ արձակել: Ինքնաթիռում եղել է 25 ուղևոր, որոնցից 17-ը` ՌԴ քաղաքացի:

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ռուս ուղևորների կյանքը վտանգելու և երկկողմ հյուպատոսական համաձայնագիրը խախտելու համար, քանի որ Թուրքիան արգելել էր ռուս պաշտոնյաներին հանդիպել ուղևորների հետ: Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է բացատրել իր քաղաքացիների դեմ ուղղված այս քայլը և բացառել դրանց կրկնությունը:

Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 14-15-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է մինչև դեկտեբեր:

Ռուսաստանի զինամթերքի արտահանման գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռում ապրանք չի ունեցել: Մեկ այլ ռուս պաշտոնյա Ինտերֆաքսին ասել է, որ առգրավված բեռը ռուսական ծագում չի ունեցել:

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի խոսնակը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի ամբողջ բեռն անցել է մաքսային ստուգում և ոչ մի արգելված ապրանք այնտեղ չի եղել:

Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը Սիրիայի զինված ուժերի համար նախատեսված ռուսական արտադրության զինամթերք էր կրում: Մամուլի ասուլիսում նա ասել է. «Այս զինամթերքը համարժեք է մեր մեխանիկական և քիմիական արդյունաբերության արտադրանքին և ուղարկվում էր Սիրիայի Պաշտպանության Նախարարություն»:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երբ ինքնաթիռը թռչում էր Սև ծովի վրայով, նրան ընտրություն է առաջարկվել. ետ վերադառնալ Ռուսաստան, կամ վայրեջք կատարել Անկարայում: Հայտարարության մեջ նաև ասվել է, որ Թուրքիայի օդային տարածքով Սիրիա թռչող ինքնաթիռները կարող են ստուգվել և կոչ է արել չօգտագործել Սիրիայի տարածքը:

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռի բեռը օրինական էր, և Թուրքիայի արարքը որակել որպես օդահենություն: Անկարային մեղադրել է ահաբեկիչներին ապաստարան տրամադրելու և նրանց մուտքը Սիրիա չարգելելու մեջ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Թուրքիայի այս թշնամական ու ողորմելի արարքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Էրդողանի կառավարությունը վարում է թշնամական քաղաքականություն»:

Սիրիական Արաբ Ավիաուղիների ղեկավար Ղաիդա Աբդուլատիֆն ասել է, որ ինքնաթիռը կրում էր քաղաքացիական էլեկտրոնային սարքավորումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *