Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է օգոստոսի 20-ին Թբիլիսիիից շուրջ 20 կմ հեռավորության վրա Ռուսաստան–Հայաստան գազատարի ահաբեկչական պայթեցման փորձի կանխման մասին, ձերբակալվել է 7 անձ: Այս մասին հայտնում է վրաստանյան «Грузия Онлайн» լրատվական կայքը՝ հղում անելով մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի պետանվտանգության կոմիտեի ներկայացուցչի հայտարարությանը:
Մամուլի ասուլիսին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ներկայացնում է այն կետերը, որտեղ ծրագրվում էր իրականացնել գազատարի պայթեցումները:
Ահաբեկչության փորձից հետո ձերբակալվածների թվում է նաև Վրաստանի ոստիկանության՝ Փոթի քաղաքի պարեկային ծառայության աշխատակից Լևան Մամպորիան: Ձերբակալվածները ցանկանում էին պայթեցնել մայրաքաղաք Թբիլիսիից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող Սագուրամո գյուղի մոտ Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարի բաց հատվածը:
Ձերբակալվածներից 5-ը՝ Բեքա Բ., Վլադիմիր Ռ., Մինիդիա Վ., Ջաբա Մ. և Նուրի Չ., Վրաստանի քաղաքացիներ են: Բացի այդ, ինչպես նշել ենք, ծառայողական պարտականությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է ոստիկանության աշխատակից Լ. Մամպորիան, իսկ հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով՝ Իրակլի Բ.-ն:
Իրենց ծրագիրն իրագործելու նպատակով հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին այցելել են Ժինվալի – Շատիլի ավտոճանապարհի անտառային հատվածներից մեկը՝ այնտեղից թաքցրած զենքերը և պայթուցիկները հանելու համար, սակայն դրանք վերցնելու պահին ձերբակալվել են: Հանցախմբի մոտ հայտնաբերվել է քարտեզ, որտեղ նշված էին ահաբեկչական պայթյունների վայրերը:
Գործը քննում է Վրաստանի պետանվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Գազատարի պայթեցման հնարավոր ֆինանսավորողը Թուրքիայից էր. վրացական ԶԼՄ | Ռազմ.info