Այսօր՝ օգոստոսի 18-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի Բիթլիս նահանգում զինվորական մեքենա են պայթեցրել: Նախնական տվյալներով պայթյունի, ինչպես նաև մեկ այլ բախման արդյունքում սպանվել է 6 ուժային, որից 5-ը՝ ԶՈւ զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Բիթլիսի Հիզան գավառի Նազար գյուղում PKK-ի դեմ գործողությունների իրականացնելիս սպանվել է 1 «գյուղական պահապան» (հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ, որոնք պայքարում են PKK-ի դեմ — Razm.info).
Մեկ այլ միջադեպում PKK-ի զինյալները Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ տեղափոխող զրահամեքենա են պայթեցրել. սպանվել է 5 զինծառայող: Նշված շրջանում թուրքական զինուժը օդային աջակցությամբ ռազմական գործողություններ է սկսել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ի լույս գիշերը, նախնական տվյալներով PKK-ի զինյալները, մեքենա էին պայթեցրել Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի դիմաց, ինչի հետևանքով սպանվել է 3, վիրավորվել՝ 153 անձ:
Օգոստոսի 18-ի առավոտյան PKK-ի զինյալները պայթեցրել են Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանատունը: Նախնական տվյալներով՝ սպանվել է 3 ոստիկան, վիրավորվել՝ 200-ից ավել մարդ, որոնց զգալի մասը կրկին ոստիկաններ են: Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է գնահատվում: