«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 700 զինյալ է ոչնչացվել Իրաքի Ռամադի քաղաքի հարավում գտնվող Խալիդիյա բնակատեղիի ազատագրման գործողության սկզբից մինչ օրս: Խալիդիյան Իրաքի կառավարակն ուժերը վերջնականապես ազատագրել են երկու շաբաթ առաջ, սակայն գործողությունը սկսել էին 2015-ի ամռանը:
Այս մասին հայտնում է Iraqi News պարբերականը՝ մեջբերելով Իրաքի Անբար նահանգի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իսմայիլ ալ-Մահալավին:
Անվտանգության ուժերը մաքրում են Խալիդիայի շրջանները և նախատեսում են այստեղ մշտական տեղակայման ստորաբաժանում ստեղծել:
Խալիդիյան տեղակայված է երկրի 2 խոշոր քաղաքներ Ռամադիի և Էլ-Ֆալլուջայի արանքում: Վերջինս ԻՊ-ի ձեռքն անցած առաջին խոշոր քաղաքն էր (գրավել են 2014-ի հունվարին, ազատագրվել է 2016-ի հունիսի վերջին): Քաղաքների բնակչությունը հիմնականում սունի է։
Ռամադին ազատագրելու գործողությունները սկսվել էին 2015-ի հուլիսի 13-ին և ավարտվել 2015-ի դեկտեմբերի վերջին։ Սակայն Քաղաքի շրջաններում և հարակից տարածքներում դեռ մնացել էին ԻՊ օջախներ: Քաղաքի ազատագրումը համարվում է ԻՊ դեմ պայքարում գրանցած ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
Խալիդիյա բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատումը առավելապես կարևորվում է նշված երկու խոշոր քաղաքաներում վերահսկողությունը պահպանելու տեսաանկյունից:
Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են Իրաքի կառավարական ուժերը, տեղի շիադավան և սուննի զինյալներ, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Ավստրալիան և Կանադան: