ՀԱՊԿ-ը քննարկում է 2014 թվականին Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո երկրում իրականացվող գործողություններին հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության հնարավորությունը: Այդ մասին Ալմա-Աթայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և հավելել, որ համապատասխան որոշումը կկայացվի` հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը:
Ըստ Սեմերիկովի` այդ հարցը ներկայումս կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից է,- գրում է Новости-Казахстан լրատվականը:
Սեմերիկովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի կազմում Աֆղանստանի հարցերով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ է գործում, որի անդամները ՀԱՊԿ անդամ-երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ են: Խմբի նպատակն է Աֆղանստանում ներկայիս և զորքերի դուրսբերմանը հաջորդող իրավիճակի վերաբերյալ կանխատեսումներ անելը և անհրաժեշտ գործողություններ մշակելը: Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ը ունի Աֆղանստանին վերաբերող հստակ նախագիծ. «Մենք արդեն ջանքեր են ներդնում թմրանյութերի փոխանցումը կանխող միջոցառումների իրականացման նպատակով»,- ասել է Սեմերիկովը: Ըստ նրա` 2014 թվականից հետո Աֆղանստանից թմրանյութերի հոսքը միայն կավելանա: Ուստի հիմնական միջոցառումներն ուղղված են Աֆղանստանի հետ սահմանի ամրացմանը:
Նշենք, որ ռազմատնտեսական հարցերով ՀԱՊԿ Միջպետական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Աստանայում: