Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆՊՆ ռազմաքաղաքական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր:
Մասնավորապես կողմերն անդրադարձել են այդ պայմանավորվածությունների շրջանակներում խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերման խնդիրներին:
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում անցկացվել էին ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ՑԶ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:
Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:
ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info