ԱՄՆ դեսպանը զոհվելուց քիչ առաջ հանդիպել էր թուրք պաշտոնյայի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը բացահայտել է, որ Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը, որի հետևանքով մահացել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը և 3 ամերիկացիներ, չի սկսվել բողոքի ցույցից, ինչպես նախկինում հայտարարել էին:

Ըստ Associated Press գործակալության` պետդեպարտամենտը այժմ հայտնում է, որ հյուպատոսարանի առջևի դարպասի մոտի կրակոցները և պայթյուները սկսվել են առանց նախազգուշացման:

Այս հայտարարությունը էապես տարբերվում է Օբամայի կառավարության առաջին հայտարարությունից, որտեղ ասվում էր, որ հարձակումը սկսվել էր հակամահմեդական ֆիլմի դեմ ցույցից հետո:

Ըստ պետդեպարտամենտի նոր տվյալների` սեպտեմբերի 10-ին Ստիվենսը ժամանել է Բենգազի և հյուպատոսրանի տարածքում հանդիպումներ անցկացրել: Նույնը արել է սեպտեմբերի 11-ին: Վերջին հանդիպումը եղել է թուրք պաշտոնյայի հետ` 20:30-ին: Նրան ուղեկցելիս դրսում խաղաղ է եղել:

21:40-ին դարպասի մոտ կրակոցի և պայթունի ձայներ են լսվել: Պահակակետը այրվել է, և ծայրահեղական ահաբեկիչների խումբը ներխուժել է հյուպատոսարանի տարածք:

Սպաներից մեկը, զինված M4 ավտոմատ հրացանով և ատրճանակով, Ստիվենսին և համկարգչային փորձագետ Շեան Սմիթին տեղափոխել է ապահով սենյակ: Սենյակն ուներ մի քանի կողպեքներով ծանր մետաղյա դուռ, դեպի ներս բացվող լուսամուտներ և ապահովված էր ջրի և դեղորայքի պաշարով: Մնացած սպաները սպառազինվել են և փորձել են միանալ դեսպանին, բայց հանդիպել են զինված խմբի և ստիպված են եղել նահանջել:

Հարձակվողները մտել են հյուպատոսրանի շենքը և փորձել կոտրել դռան կողպեքները, բայց չկարողանալով` շենքի վրա դիզվառելիք են լցրել ու հրկիզել: Շենքի ներսում արագորեն ծուխ է լցվել և տեսանելիությունը նվազել է:

Շնչահեղձ չլինելու համար ամերիկացիները բացել են լուսամուտը, բայց դա չի օգնել: Որոշել են շենքից դուրս գալ, առաջինը սպան է դուրս եկել, բայց նրա վրա անմիջապես կրակել են տարբեր զենքերից, այդ թվում` նռնականետից:

Ստիվենսն ու Սմիթը շենքից դուրս չեն եկել: Նրանց փնտրելու համար սպան շնչահեղձ լինելով մի քանի անգամ ներս է մտնել, բայց չի գտել: Սպան բարձրացել է տանիք, իրադրության մասին ռադիոկապով տեղյակ պահել մնացած սպաներին և ուշաթափվել:

Մնացած 4 սպաները միավորվել են և զրահամեքենայով մոտեցել շենքին: Հերթով մտել են շենք և գտել են միայն Սմիթի դիակը:

Արագ արձագանքման ապահովության 6 հոգանոց թիմը տեղ է հասել 60 լիբիացի ոստիկանների հետ և փորձել ապահովել տարածքի անվտանգությունը` միաժամանակ փնտրելով դեսպանին: Ծայրահեղակաների գնդակոծության պատճառով որոշում է կայացվել բոլորին տարհանել:

Գիշերը Տրիպոլիի դեսպանատնից լրացուցիչ ուժեր են ժամանել Բենգազի: Ժամը 04:00-ին հյուպատոսարանի շենքի վրա նռնականետով կրակել են: 2 սպա զոհվել է, 1-ը` ծանր վիրավորվել: Որոշվել է քաղաքից հեռանալ:

Ըստ Յութուբում տեղադրված տեսանյութի` դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի դիակը գտել է լիբիացիների ամբոխը: Նրանցից մեկը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ըստ բժիշկ Զիադ Բուզաիդի` մարմինը հիվանդանոց են բերել ժամը 13:00-ին և 90 րոպե փորձել վերակենդանացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *