RAND Corporation. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը քիչ հավանական է

Ամերիկյան Rand Corporation ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ հաշվարկել են, թե տեսականորեն ինչպես կընթանար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր պատերազմը: Չնայած նրան, որ նման բախման հավանականությունն այս պահին բավականին ցածր է, սակայն այս խնդիրը ուսումնասիրության կարիք ունի: 

Զեկույցից կարելի է ենթադրել, որ պատերազմը չափազանց ծանր կլինի երկու կողմի համար էլ

Զեկույցից կարելի է ենթադրել, որ պատերազմը չափազանց ծանր կլինի երկու կողմի համար էլ

Չնայած երկրները ցամաքային սահման չունեն և բաժանված են Խաղաղ օվկիանոսով, սակայն նրանք ունեն իրար մոտ տեղակայված զինուժի կուտակումներ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ն ռազմաբազաներ  ունի Ճապոնիայում և Հարավային Կորեայում և որևէ միջադեպի և ճգնաժամի դեպքում կողմերից յուրաքանչյուրն էլ կցանկանա ավելի շուտ հարված հասցնել, քան մյուսը դա կանի:

Հաշվի առնելով Չինաստանի ռազմական հնարավորությունների արագ աճը՝  տեսական պատերազմը հնարավոր է զարգանա ոչ այնպես, ինչպես կցանկանան ԱՄՆ-ում: RAND-ի վերլուծաբանները կարծում են, որ լայնամասշտաբ կոնֆլիկտի դեպքում Չինաստանը ավելի շատ էական կորուստներ կկրի քան ԱՄՆ-ն, սակայն, արդեն 2025-ին կարողությունների և համապատասխան կորուստների տարբերությունը կկրճատվի, ինչը, սակայն, չի նշանակում, որ Չինաստանը կհասնի հաղթանակի:

Ըստ հետազոտողների՝ ռազմական հիմնական գործողությունները կընթանան Արևելյան Ասիայում և կոնֆլիկտը չի վերաճի միջուկային պատերազմի: Միևնույն ժամանակ մերժվում է նաև ԱՄՆ տարածքի վրա Չինաստանի հարձակման հնարավորությունը՝ բացառությամբ սովորական սպառազինությունների կիրառումը և ԱՄՆ-ի կիբեր միջավայրի վրա հարձակումները: Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունները կընթանան ծովում և օդում՝ երկու կողմից էլ տարատեսակ հրթիռային սպառազինության կիրառմամբ: Բայց չի բացառվում, որ ԱՄՆ կկորցնի ավիակիր և մի քանի նավ:

Որպես հնարավոր պատերզմի առիթ նշվում է  Ճապոնիայի կամ ԱՄՆ մեկ այլ գործընկերոջ նկատմամբ ագրեսիվ գործողությունները և Չինաստանի կողմից ԱՄՆ-ի՝ իր դաշնակիցներին օժանդակելու պատրաստակամության թերագնահատումը, Հյուսիսային Կորեայում ճգնաժամի դեպքում չհամակարգված գործողությունները, կամ Թայվանը զավթելու Չինաստանի փորձը: Պատերազմի դեպքում ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակիցները կլինեն Ճապոնիան, Ավստրալիան, Ֆիլիպինները և Նոր Զելանդիան, իսկ Չինաստանի օգտին հանդես կգան Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան:

Բացի ռազմական մասից զեկույցում նշվում են նաև ենթադրյալ կոնֆլիկտի տնտեսական և քաղաքական ասպեկտները: Ըստ վերլուծաբանների՝ ցանկացած սցենարի դեպքում Չինաստանի տնտեսական կորուստները ավելի ծանր կլինեն քան ԱՄՆ-ինը: Մեկ տարվա պատերազմի դեպքում ԱՄՆ-ի ՀՆԱ-ան կկրճատվի 5-10%-տոկոսով, իսկ  Չինաստանինը՝ 25-30%-ով: Չինաստանը կզրկվի նաև իր առևտրային ճանապարհներից, ինչպես նաև կկորցնի ծովային ճանապարհներով ստացվող իր պաշարները: Տնտեսական այպսիսի կորուստները Չինաստանում կարող են հանգեցնել քաղաքական անկայունության և գործելու հնարավորություն կտան անջատողականներին:

Զեկույցից կարելի է հետևություն անել, որ պատերազմը չափազանց ծանր կլինի երկու կողմի համար էլ: Կողմերից և ոչ մեկն էլ ի վիճակի չէ խուսափել մեծ կորուստներից, ինչը քիչ հավանական է դարձնում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը: Չնայած սրան՝ չինական մամուլում  հրապարակվում է RAND-ի զեկույցի պատասխանը: Global Times ամսագրում «Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն ավելի շատ կտուժի քան Չինաստանը» վերնագրով հոդվածում հեղինակը ԱՄՆ-ին զսպելու համար Չինաստանին կոչ է անում շարունակել զարգացնել ռազմական պոտենցիալը:

Այս կոնտեքստում մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հայտարարությունը, որում նա նշել է, որ «10 տարի հետո մեզ սպասում է նոր աշխարհակարգ, որտեղ գլխավոր դերում կլինի ՉԺՀ-ի և Ռուսաստանի դաշինքը»: Հավելենք, որ 2016-ի սեպտեմբերին Հարավչինական ծովում նախատեսված է անցկացնել ռուս-չինական ռազմածովային զորավարժություններ:

Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *