Օգոստոսի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքին և իրանին սահմանակից Շեմդինլի գավառում «քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քրդերի դիրքերին ավիահարվածները հասցվել են բնակելի շրջաններում: Նշվում է, որ գործողության հետևանքով սպանվել են քրդական խմբավորման՝ այդ հատվածում տեղակայված զինյալները: Վերջիններիս տեղակայման վայրը օգոստոսի 13-ին հստակեցրել էին թուրքական հետախուզական ծառայությունները:
Նշենք, որ օգոստոսի 13-ին քրդական PKK-ին մոտ կանգնած ANF News գործակալությունը հայտնել էր, որ թուրքական զինուժը՝ տեղի բնակչությունից կազմված «գյուղական պահապանների» հետ (քուրդ ազգաբնակչությունից քրդական զինյալների դեմ պայքարելու համար ստեղծված կառույց) ռազմական գործողություններ են սկսել Շեմդինլիում:
Օգոստոսի 14-ին քրդական նույն աղբյուրը հայտնել էր, որ PKK-ի զինյալները հարձակում են գործել Հաքքարիում թուրքական ռազմաբազաներից մեկի վրա, որի հետևանքով, թուրքական մամուլի հաղորդմամբ՝ վիրավորվել էր 3 զինծառայող: Այս իրադարձությունից հետո թուրքական զինուժը օդ է բարձրացրել Sikorsky և Cobra հարվածային ուղղաթիռներ:
Հավելենք, որ թուրք-քրդական զինված բախումները ժամանակավորապես թուլացել էին՝ կապված Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում բախումները կրկին ինտենսիվանում են, ինչի հետևանքով արդեն կան տասնյակ զոհեր թուրքական զինուժի և քրդական զինյալների շարքերից: