Կալանավորվել է Հռոմում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը

Օգոստոսի 11-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի՝ Հռոմի դեսպանության ռազմական կցորդ, շտաբային գնդապետ Մեհմեթ Դեմիրաղի (Mehmet Demirağ) նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը անդամագրվելու և կազմակերպության անունից գործունեություն իրականացնելու մեջ:

Բացի այդ նույն օրը առավոտյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ օգոստոսի 6-ին Թուրքիայի՝ Հունաստանի դեսպանությունում զինված ուժերի ռազմական կցորդ, շտաբային գնդապետ Իլհան Յաշիթլըն (İlhan Yaşıtlı) և ռազմածովային ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Հալիս Թունչը (Halis Tunç) ընտանիքների հետ միասին փախել են Իտալիս:

Նշենք, որ ռազմական կցորդները փախչելու որոշում են ընդունել այն բանից հետո, երբ Թուրքիան Հունաստանի արտգործնախարարությունից պահանջել է չեղյալ հայտարարել ռազմական կցորդների հավատարմագրերը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Սակայն, օգոստոսի 12-ին Իտալիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն Իտալիա փախած թուրք ռազմական կցորդների վերաբերյալ: Փոխանցում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո դեռևս փախուստի մեջ են գտնվում 190 զինվորական, այդ թվում՝ 9 գեներալ, 96 ոստիկան, որոնիցի 47-ը՝ ոստիկանության տարբեր բաժանմունքների ղեկավարներ:

Նա նաև հայտնել է, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *