«Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ մի շարք խմբավորումներ վերջին շաբաթներին Հալեպում ակտիվորեն պայքարում են կառավարական ուժերի դեմ՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը և զինամթերք հասցնել քաղաք: Նրանք Հալեպի հարավ-արևելքում ստեղծել են բավականին լավ սպառազինված 7 հազար հոգանոց բանակ: Այս մասին երեկ՝ օգոստոսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Նա մասնավորապես նշել է, որ «ալ-Նուսրայի ճակատը», որն այժմ իրեն անվանում է «Ջեբհադ ալ-ֆաթհ ալ-շամ», և նրան հարող խմբավորումները չեն դադարեցնում կառավարակն ուժերի վրա հարձակումները Հալեպի հյուսիսային և հարավային շրջաններում: Ըստ ռուս գեներալի՝ նրանց հիմնական խնդիրը խաղաղ բնակիչների և կառավարական ուժերի դեմ գործողությունների համար Հալեպ զենք և զինամթերք, այդ թվում՝ պայթուցիկներ ներկրելն է:
ահաբեկչական խմբավորումներն այժմ համալրվում են Իդլիբ, Հոմս և Համա նահանգներում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Հալեպի հարավ-արևելքում նրանց կազմավորած 7 հազարանոց բանակը սպառազինված է տանկերով, հետևակի մարտական մեքենաներով, ունի հրետանի և մեքենաներ, որոնց վրա սպառազինություն է տեղադրել:
Այս ստորաբաժանումը օգոստոսի 6-7-ին կարողացել է Հալեպի հարավ-արևելքում ճեղքել կառավարական ուժերի պաշարման օղակը և գրավել ռազմական ուսումնարանների տարածքը: Սակայն ռուս գեներալը հավելում է, որ տվյալ տարածքների վրա վերահսկողություն հաստատելուց հետո էլ խմբավորումները կառավարական և նրանց հարող ուժերի ինտենսիվ կրակի տակ են և չեն կարող այդ շրջանից զենք ստանալ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը գործում են այդ երկրում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի աջակցությամբ: Գեներալ-լեյտենանտ Ռուդսկոյի խոսքերով՝ վերջին 4 օրվա ընթացքում կառավարական ուժերը կարողացել են ոչնչացնել ավելի քան 1000 ահաբեկիչ Հալեպի շրջանում, վիրավորների թիվը հասնում է շուրջ 2 հազարի:
Սրանից զատ ահաբեկիչները կորցրել են 7 տանկ, 8 ՀՄՄ, 29 ականանանետ, խոշոր տրամաչափի զենքերով սպառազինված 85 ավտոմեքենա: Օգոստոսի 9-ին կառավարական ուժերը անցել են հակահարձակման և այժմ շարունակում են առաջխաղացումը:
Վերջում նա ավելացրել է, որ Չինաստանը և Սերբիան համաձայնել են մասնակցել Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելուն: Հումանիտար օգնությունը Հալեպ հասցնող խմբերի անվտանգություն ապահովելու նպատակով օգոստոսի 11-ից մի քանի ժամով ավիահարվածները և հրետանու կրակը և բոլոր ռազմական գործողություններն առհասարակ կդադարեցվեն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ 15 զինյալ խմբավորումների միավորումը ճեղքել է կառավարական ուժերի կողմից Հալեպի արևելյան մասի շրջափակումը և վերահսկողություն հաստատել Ռամուսահ շրջանում՝ հայտարարելով «Հալեպն ամբողջությամբ գրավելու գործողության մեկնարկի մասին»: Նախկինում ևս եղել են պաշարումից դուրս գալու փորձեր, սակայն Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են կասեցնել:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել զինյալների հարձակումները Հալեպում | Ռազմ.info