Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարը, ԶՈւ հրամկազմը հյուրընկալել են ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին և մի շարք մարտիկների:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում մասնավորապես շեշտել է, որ կարողացել ենք ստեղծել մարտունակ բանակ, անվտանգային համակարգ։ Ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծված գործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է:
«Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Մարտական գործողություններին մասնակցած կամավորականներն էլ իրենց խոսքում նշել են, որ դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են: Կամավորականները շեշտել են, որ այդ փաստն իրենց ոչ թե մտահոգել կամ հիասաթափեցրել է, այլ, ընդհակառակը, ոգևորել է, որ այսօրվա սերունդն ավելի ամուր է կառչած իր հողին և պատրաստ է կյանքի գնով էլ պաշտպանել հայրենիքը:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Արցախի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ: