Oգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանն իր խոսքում շեշտել է, որ պատվաբեր է ստանձնել լավագույն բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը և վստահեցրել, որ զորամիավորման հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի ու փոխգործակցության համար:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի՝ հուլիսի 7-ին հրապարակված հրամանագրով գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել էր ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում: