Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերից խուսափելու նպատակով ՌԴ ՊՆ-ն քննարկում է Թուրքիայի զինուժի և Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի միջև առանձին կապի ուղիներ ստեղծելու, անվտանգության որոշակի մեխանիզմների մշակման առաջարկությունների փաթեթի ներկայացման հնարավորությունը:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը՝ փոխանցելով պաշտպանական գերատեսչությունում սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունը:
Հիմնական նպատակը 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչի խոցման նման միջադեպերից խուսափելն ու դրա դեմ պայքարելու մեխանիզմների մշակումն է:
«Իզվեստիայի» զրուցակիցը հայտնել է, որ համապատասխան փաթեթն արդեն մշակվել է, և պատրաստ են այն հանձնել թուրքական կողմին: Առաջարկությունների փաթեթեը պարունակում է նաև օդաչուների անհրաժեշտ գործողությունները՝ նման ճգնաժամային իրավիճակներում: Սիրիայի երկնքում միջադեպերից խուսափելու համար Ռուսաստանը նմանատիպ պայմանավորվածություններ ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ինչը օգնել է խուսափել մի շարք միջադեպերից:
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում 2015 թ. նոյեմբերի միջադեպից հետո առաջին անգամ կհանդիպեն Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը: Դատելով երկկողմ հայտարարություններից՝ երկուսն էլ բավականին լավատեսորեն են տրամադրված հանդիպմանը: Այս հարցը ևս նախատեսվում է քննարկել այդ հանդիպմանը:
Միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունները հայտնվել էին փակուղում, ռուսաստանյան կողմը կասեցրել էր նաև Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը: Սակայն հունիսի վերջին, Էրդողանի ցուցադրական նամակից հետո, հարաբերությունները հայտարարությունների մակարդակով սկսեցին կարգավորվել՝ չնայած որ Թուրքիայի նախագահը իրականում «ներողություն» չէր խնդրել միջադեպի համար, ինչն ամիսներ շարունակ պահանջում էր ռուսաստանյան կողմը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info