Թուրքիայի BMC, Գերմանայի Rheinmetall AG և Մալազիայի Etika Strategi ընկերությունները հայտարարել են անվավոր և թրթուռավոր զրահատեխնիկա արտադրելու նպատակով Թուրքիայի տարածքում համատեղ ձեռնարկություն հիմնելու աշխատանքներ սկսելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Defense news ռազմական լրատվակայքը:
Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ գործարքը կարող է հանգեցնել թուրքական BMC և գերմանական Rheinmetall AG ընկերությունների միջև նոր սերնդի հարյուրավոր մարտական տանկերի արտադրության միլիարդավոր դոլլարների արժողությամբ պայմանագրի կնքման:
Նշենք, որ BMC-ն կլինի թուրքական առաջին տեղական մարտական «Ալթայ» տանկի արտադրության տենդերի մասնակիցներից մեկը: Տանկերի սերիական արտադրության մրցույթը շահելու դեպքում BMC-ն պետք է արտադրի ընդհանուր առմամբ 1000 տանկ՝ սկզբնական հատվածում արտադրելով 250-ը: Այս պարագայում տանկերի արտադրությանը կարող է մասնակցել վերը նշված համատեղ ձեռնարկությունը:
«Ալթայ» տանկը նախագծել և նախատիպերն արտադրել է զրահատեխնիկայի արտադրության ոլորտում թուրքական շուկայում BMC-ի մրցակից «Օթոքար» ռազմաարդյունաբերական ընկերությունը: Տանկերն այժմ դաշտային թեստավորում են անցնում:
Ավելացնենք, որ BMC ընկերությունը 2014 թ. մայիսին անցել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մտերիմ գործընկերներից մեկին: Ընկերության արտադրած զրահատեխնիկաներից առավել հայտնի են «Քիրփիները»:
Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան
Pingback: Թուրքիան 400 միավոր տանկ կարդիականացնի, յուրաքանչյուրը 2-3 մլն դոլարով | Ռազմ.info