Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները օգոստոսի 5-ին մարտավարակրակային վարժանքներ են սկսել բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Գործնական կրակային պարապմունքներին ընդգրկված են ՌԴ ռազմաբազայի ավելի քան 100 զինծառայող, շուրջ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 20 միավոր Տ-72Բ տանկ:
Զորավարժության յուրահատկությունը նորակոչիկներին ծովի մակարդակից 2 հազար մետր բարձրության վրա, եղանակային վատ պայմաններում Տ-72Բ տանկի արդիականացված ավտոմատ հրանոթից հանկարծակի հայտնվող և շարժվող թիրախների, ինչպես նաև 12,7 մմ տրամաչափի ՆՍՎ գնդացիրներից թռչող օբյեկտների խոցման մեխանիզմների ուսուցանումն է:
Վարժանքների ընթացքում զինծառայողներն իրականացնելու են պայմանական հակառակորդի հարձակման ճնշման, տարբեր խոչընդոտների հաղթահարման, տանկի սպառազինությունում առկա բոլոր զինատեսակներից կրակ վարելու գործողություններ:
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի բոլոր ստորաբաժանումներում անցկացվող զորավարժությունների վերջնական փուլում որոշվելու է լավագույն ստորաբաժանումը: