Թուրքիայի հետախուզական բոլոր ծառայություններում փոփոխություններ են սպասվում

Օգոստոսի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի հետախուզական համակարգում լուրջ բացեր կան, որոնք թույլ տվեցին ռազմական հեղաշրջման փորձ իրականացնել: Փոխանցում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ինչպես ազգային հետախուզական կազմակերպության, այնպես էլ՝ ժանդարմերիայի և անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) հետախուզական ծառայությունների կառուցվածքը փոխելու ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Նա նշել է, որ դեռևս անելիքները հստակ չեն, սակայն ամեն բան կորոշվի և կիրականացվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ երկրի նախագահի և վարչապետի անմիջական մասնակցությամբ:

Էֆքան Ալան ավելացրել է, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով եղել է 238 զոհ, 2147 վիրավոր:

Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել ազգային հետախուզական կազմակերպությունը ներքին և արտաքին կառույցների բաժանելու վերաբերյալ, սակայն սա դեռևս չի հաստատվել: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ հետախուզական կազմակերպությունը այսուհետ գործողությունների համար պատասխանատու է լինելու նախագահի առաջ:

One response to “Թուրքիայի հետախուզական բոլոր ծառայություններում փոփոխություններ են սպասվում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *