Հայ-ռուսական հանձնաժողովը քննարկել է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տարածքների վերաբերյալ հարցեր

Հուլիսի 26-29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արձանագրության ստորագրումը

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արձանագրության ստորագրումը

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգում քննարկվել են հանձնաժողովի 10-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսաստանյան կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերումը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների վերաբերյալ հարցեր:

Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Իսկ հուլիսի 28-ին միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ ստորագրվել է արձանագրություն:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, ֆինանսների, քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պետական գույքի կառավարման վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ավելացնենք, որ միջպետական հանձնաժողովը ստեղծվել է 1996թ. սեպտեմբերի 27-ի` «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի համապատասխան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *