Օրվա ամփոփում. Սաքունցն ու Վլադիմիր Գասպարյանը կհանդիպեն դատարանում։ Մահացել է Գրետա Միրզոյանը։

Մահացել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանը։ Արթուր Սաքունցը հայց է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի։ Արարատի մարզում միջադեպի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Հետաձգվել է զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով դատական նիստը։ Ռազմական փորձագետը պնդում է, որ Ադրբեջանի սպառազինման արդյունավետությունը կասկածելի է։ ՊՆ-ն պաշտոնապես անդրադարձել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի՝ բանակում չծառայելու հանգամանքին։ Բացի այդ մամուլն անդրադարձել է ադրբեջանական բանակի կորուստներին:

Այսպիսով, 2011 թ. նոյեմբերի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ»-ի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ կազմակերպության անդամներին և մահացած զինվորների ծնողներին վիրավորելու համար։

Իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ ԶՈՒ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ դատական նիստը, որը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել` պարանի միջոցով կախվելով երկաթե ձողից:

Դատավարությունների թեմայից անցում կատարելով՝ ասեմ, որ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է  Ադրբեջանի սպառազինման արդյունավետությանը։ Ըստ այդմ, նշվում է, որ սեպտեմբերի 21-ի Անկախության զորահանդեսից հետո պարզ դարձավ, որ հարձակողական ընդհանուր պոտենցիալով ադրբեջանական բանակը ոչ միայն ոչ մի առավելություն չի ստացել, այլև զիջում է հայկական կողմին: «Ավելի քան 10 մլրդ դոլար գումար ծախսելուց հետո նրանք ձեռք են բերել մեծաքանակ սպառազինություն, որի կյանքի տևողությունն առավելագույնը 20-25 տարի է, երբեմն` ավելի քիչ: Այսինքն, այդ` ավելի քան 10 մլրդ դոլարի սպառազինությունը հիմնականում անցյալ պատերազմների զենք է և կարճ ժամանակ անց կարող է խոտան դառնալ»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատի մարզում միջադեպ է տեղի ունեցել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի վարորդի և պայմանագրային մի զինծառայողի միջև, որի հետևանքով վերջինս վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածը վիրահատվել է և գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։ Վիրավորի առկայության լուրը հաստատել է նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը։

Վերջերս մամուլի քննարկման թեմա էր դարձել Դավիթ Ջամալյանի՝ բանակում ծառայած չլինելը և ՊՆ պարզաբանման մեջ ներկայացվում է ռազմական հոգեբանի անցած մասնագիտական ուղին։

Հայկական մամուլը չի անտեսել նաև ադրբեջանական բանակում արձանագրված մահացության դեպքերը և ներկայացրել է ադրբեջանական հրապարակումները։ Ըստ այդմ, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2011 թ-ի ընթացքում 89 զինծառայող է կորցրել, որոնցից միայն 13-ն են զոհվել մարտական գործողություններում, իսկ մնացած 76-ը զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, հիվանդության, ճանապարհային պատահարների, միջադեպերի:

Իսկ վերջում անդրադառնանք ժամեր առաջ հրապարակված լուրին. մահացել է ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանը: Նրա մահվան առիթով ցավակցություն է հայտնել հասարակական խորհուրդը` Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Սրանք այսօրվա մամուլի հիմնական հրապարակումներն էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *