Ռուսաստանում արտադրվող «Տիգր» զրահամեքենան դեսանտավորման փորձարկումներն արդեն ընթացքում են, նախատեսվում է մեքենան դարձնել դեսանտավորվող: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով մեքենաներն արտադրող «ՎՊԿ» ընկերության ներկայացուցչի խոսքերը:
Մեքենայի ցատկը հատուկ աշտարակից փորձարկվել է: Այս պահին ընթանում է մեքենայի պլատֆորմի մշակումը:
Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ «Տիգր» զրահամեքենաների դեսանտավորման որոշումը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով ձեռքբերվելիք սպառազինության ցուցակի մեջ առկա են նաև «Տիգր» զրահամեքենաներ:
Նշենք, որ Հայաստանի զինված ուժերում և ոստիկանության զորքերում ներկայում էլ կան «Տիգր» զրահամեքենաներ: Զինված ուժերի կազմում առկա մեքենաները ցուցադրվել են 2011 թվականի Երևանի ԶՈւ զորահանդեսին:
Իսկ ոստիկանական ուժերի «Տիգր» զրահամեքենաները վերջերս՝ մայիսին, օգտագործվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ոստիկանական զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2016» հակաահաբեկչական զորավարժության և Մեծամորի ատոմակայանում հակադիվերսիոն զորավարժության ժամանակ: