Պաշտպանության նախարարի այցը «ԴիջիԹեք Էքսպո-2012» միջազգային ցուցահանդես

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանn այցելել է «ԴիջիԹեք Էքսպո-2012» ՏՏ ոլորտի 8-րդ ամենամյա ցուցահանդեսն ու ծանոթացել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների տաղավարներում արտադրատեսակներին:

Սեյրան Օհանյանին հատկապես հետաքրքրել են ռազմական արդյունաբերության ոլորտում նորարական լուծումներով մի շարք ցուցանմուշներ, ինչպիսիք են ական որոնող սարքը, անօդաչու թռչող սարքերի մի շարք մոդելներ, նռնականետի, հրաձգային զենքի, զենիթահրթիռային համալիրների վարժասարքերը:

Ռազմական գերատեսչության ղեկավարը լրագրողներին պատմել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքը և ձեռքբերումները կներկայացնեն ռազմա-արդյունաբերական կազմակերպությունները: «Այդ ցուցահանդեսի նմուշներին կծանոթանան նաև մեր կենտրոնական ապարատի և զորամիավորումների հրամանատարների մեծամասնությունը, ինչի արդյունքում կընդլայնենք և մեր համագործակցությունը, և մեր պատվերները»,— նշել է պաշտպանության նախարարը և հավելել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգ և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր:

Պաշտպանության ոլորտին ցուցաբերած ակտիվ աջակցության համար Սեյրան Օհանյանը այցի ավարտին «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել «Էլտեկ կոմպ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Ավագյանին, «Ազգային գործիքներ» ՍՊԸ ինժեներ-ճարտարապետ Արա Թառումյանին և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *