ԱՄՆ-ՌԴ տեսակոնֆերանս՝ Սիրիայում ԱՄՆ ԶՈւ օգտագործած բազային ՌԴ ԶՈւ հարվածից հետո

Հուլիսի 26-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հերթական տեսակոնֆերանսը, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի օդային տարածքում անվտանգության ապահովման համար լրացուցիչ միջոցների նախաձեռնման հարցերը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ԱՄՆ և ՌԴ զինվորականների խորհրդակցություն՝ Սիրիայում գործողությունների համադրման և միջադեպերից խուսափելու հարցերով

ԱՄՆ և ՌԴ զինվորականների խորհրդակցություն՝ Սիրիայում գործողությունների համադրման և միջադեպերից խուսափելու հարցերով (արխիվ, 2015 հոկտեմբեր)

Այս տեսակոնֆերանսը հաջորդել է այն լուրերին, որ Ռուսաստանի օդուժը հարվածել էր Սիրիայում ռազմաբազաներից մեկին, որտեղ, ինչպես ավելի ուշ պարզվել է, տեղակայված էին բրիտանական և ամերիկյան զինծառայողներ և նրանց դաշնակից սիրիական զինյալներ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինծառայողները մինչ ավիահարվածները լքել են տարածքը, և զոհեր չեն եղել:

Դեպքը եղել է 2016թ. հունիսին: Ռուսաստանի օդուժը չէր իմացել այդ բազաներում ամերիկացիների և բրիտանացիների տեղակայման մասին, և բազաներն ընդունել էր որպես ահաբեկիչներին պատկանող:

Ըստ ռուսաստանյան կողմի՝ պատճառն այն է, որ ԱՄՆ չի տեղեկացրել Ռուսաստանին, որ այդ շրջանը նույնպես միացած է եղել Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմին: Հետագայում միջադեպը հարթվել է ՌԴ և ԱՄՆ զինվորականների խորհրդակցությունների արդյունքում:

Դեպքի բացահայտումից հետո ռուսաստանյան կողմը մի քանի անգամ շեշտել է, որ նման միջադեպերից խուսափելու համար կողմերը պիտի ավելի շատ կիսվեն տեղեկատվությամբ:

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016)

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016)

Եվ այս տեսակոնֆերանսի ընթացքում, փաստորեն, քննարկել են հենց Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի հետ կապված հարցերը:

Ռուսաստանի և ԱՄՆ միջև նշված փոխըմբռնման հուշագիրը օդային պատահարները կանխելու նպատակով կնքվել է 2015-ի հոկտեմբերին, և երկու երկրների զինվորականների միջև նմանատիպ կոնֆերանսներ կայանում են փոխըմբռնման հուշագրի կնքումից ի վեր:

Ըստ հուշագրի կողմերը պետք է համատեղ գործեն ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ժամանակ: (Օրինակ եթե կողմերից մեկի օդաչուն անհաջող վայրէջք կատարի ահաբեկչական խմբավորման տարածքում, մյուս կողմի ինքնաթիռները կարող են օգնության հասնել նրան):

ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև  հաջորդ տեսակոնֆերանսը կայանալու է 2016 թ օգոստոսին:

Հոդվածի հեղինակ՝  Ժաննա Վարդանյան 

One response to “ԱՄՆ-ՌԴ տեսակոնֆերանս՝ Սիրիայում ԱՄՆ ԶՈւ օգտագործած բազային ՌԴ ԶՈւ հարվածից հետո

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *