Ադրբեջանը տարածք է հատկացրել Թուրքիայի զինուժին • ԻՊ-ն զինյալների հավաք է անում Ադրբեջանից, Վրաստանից • Թուրքիայում ձախողվել է ռազմական հեղաշրջումը, հազարավոր զինվորականներ են ազատվել, ձերբակալվել • Թուրքիան Սև ծովում մասնակցում է զորավարժության • Թուրքիայում կբացվի ինքնաթիռների սպասարկման կենտրոն • Թուրքիան ստացել է 2006-ին պատվիրած բեռնատար ուղղաթիռ • Ստուգվում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մարտական պատրաստությունը • Զորավարժություններ են անցկացրել ՌԴ ԶՈւ՝ Չեչնիայի, Հվ․ Օսիայի, ՀՌՇ ՀՕՊ ստորաբաժանումները • ՌԴ ՊՆ-ն զորավարժություն է կազմակերպել լրագրողների համար • Ինգուշեթիայում ձերբակալվել են ԻՊ աջակիցներ • Ռուսաստանն Իրանին է մատակարարել է Ս-300ՊՄՈւ-2 համակարգի առաջին հրթիռները • ՌԴ ԶՈւ-ն սխամամբ հարվածել է Սիրիայում ԱՄՆ և Բրիտանիայի ԶՈւ բազային • Նշանակվել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի նոր հրամանատար • ԱՄՆ-ն և Ֆրանսիան Մոսուլում ԻՊ դիրքերին կհարվածեն համատեղ • Իսրայելը չի կարողացել չեզոքացնել Սիրիայից իր տարածք մտած ԱԹՍ-ն
Ադրբեջան
• Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահը հաստատել է Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարը նշել է, որ դա ամենևին էլ թուրքական ռազմաբազայի ստեղծում չէ: Տարածքները թուրքական կողմին են հանձնվելու ռազմական կցորդության ներկայության և Աֆղանստանում խաղաղապահ առաքելության սպասարկման համար։
• «Իսլամական պետություն» խմբավորումը նոր ահաբեկչությունների պատրաստման համար հայտարարել է զինյալների մոբիլիզացիա Ադրբեջանից, Վրաստանից, Հյուսիսային Կովկասից: Ահաբեկչության նոր ալիքի համար որպես թիրախ ԻՊ-ն նախատեսում է առավելապես Արևմտյան Եվրոպան և Թուրքիան:
Թուրքիա
• Հուլիսի 16-ին Թուրքիայում մեկնարկել է ռազմական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են ԶՈւ, ժանդարմերիայի և ոստիկանության հազարավոր զինծառայողներ։ Պատանդ են վերցվել բազմաթիվ այլ զինվորականներ, այդ թվում և ԶՈւ ԳՇ պետը։ Հեղաշրջման փորձը նույն օրն էլ ճնշվել է։ Հուլիսի 19-ին իր պարտականությունների կատարմանն է վերադարձել ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։
Հուլիսի 16-ին հայտնի է դարձել ձախողված հեղաշրջման արդյունքում 161 սպանվածի, 1140 վիրավորի և 2389 ձերբակալվածի մասին։ Հուլիսի 19-ին արդեն հայտնի էր շուրջ 300 սպանվածի և 1500 վիրավորի մասին։ Նույն օրը նշվում էր նաև զինծառայողների և ռազմական տեխնիկայի անհետացման մասին։
Թուրքիայում հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 18-ի դրությամբ կալանավորվել է 103 գեներալ և ծովակալ, այն դեպքում, երբ հունիսի տվյալներով Թուրքիայի ԶՈւ գեներալների և ծովակալների թիվը 358 էր: Հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ (գեներալների ու ծովակալների ուղիղ 1/3-րդը): Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է 8777 աշխատակցի, այդ թվում՝ անվտանգության տնօրինության 7899, ժանդարմերիայի՝ 614, առափնյա անվտանգության՝ 18 աշխատակից, ներառյալ՝ հրամանատարության պետը:
Հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող, ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի ձերբակալված հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմի փոխարեն հուլիսի 19-ին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը: Հաջորդ օրը նույն մեղադրանքով ձերբակալվել է նաև նորանշանակ Յըլմազը։
Թուրքիայի 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բանակի վերահսկած տարածքներում են կենտրոնացած նաև PKK-ի հիմնական ուժերը:
Հուլիսի 20-ին Թուրքիայի կառավարությունը որոշել է 90 օրով Թուրքիայի տարածքում «արտակարգ դրություն» հայտարարել՝ սահմանափակելով ԶՈւ հրամկազմի լիազորությունները:
• Հուլիսի 18-ին Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության և ուկրաինական նավատորմերի Sea Breeze-2016 համատեղ միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը: Զորավարժությանը մասնակցում է նաև Թուրքիան։
• Եվրոպական Airbus ընկերությունը և Թուրքիայի իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, որով երկրի Կայսերի նահանգում կստեղծվի CN-235 լիցքավորող ինքնաթիռների սպասարկման կենտրոն:
• Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժը ստացել է 2006-ին պատվիրված ամերիկյան արտադրության 6 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռներից առաջինը:
Ռուսաստան / Հս․ Կովկաս
• Հուլիսի 21-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները և զորամասերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանների, ինչի նպատակն է ստուգել զորքերի պատրաստության աստիճանը: Մեկշաբաթյա վարժանքին մասնակցելու են ինչպես Ռուսաստանի կովկասյան տարածքի ու Ղրիմի ստորաբաժանումները, այնպես էլ Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռազմաբազաները:
• Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված ռադիոէլետրոնային պայքարի ստորաբաժանումներն անցկացրել են համալիր վարժանք, որի ընթացքում կատարել են մասնագիտական խնդիրներ:
• Հուլիսի 18-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադները սկսել են մարտական պատրաստության ստուգումներ և զորավարժություն, որին ներգրավված են մոտոհրաձգային բրիգադի շուրջ 9000 զինծառայող և 3000-ից ավելի միավոր տեխնիկա:
• Ռուսաստանի Աստրախանի մարզում (Կասպից ծովից հյուսիս) ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումերի մի մասը կանցկացնեն մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հետ կմղեն պայմանական հակառակորդի ավիացիոն-հրթիռային հարձակումը:
• Հուլիսի 17-24-ին ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանում անցկացվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ ճգնամային իրավիճակներում աշխատելու կուրսեր՝ զորավարժություն։
• Հուլիսի 20-ին Ռուսաստանի ուժայիններն Ինգուշիթիայում ձերբակալել են «Նազրանովյան ավազակախմբի» մի քանի աջակիցների, ովքեր հավատարմության երդում էին տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Իրան / Մերձավոր Արևելք
• Ռուսաստանը Իրանին է մատակարարել Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը և նշել է, որ համակարգերի մի մասն արդեն տեղակայված է այն վայրերում, որտեղ պիտի կրի մարտական հերթապահություն:
• Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում տեղակայված զորախումբը 2016-ի հունիսին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված օբյեկտներից մեկին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, օգտագործում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինվորականները:
• Սիրիայում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի պաշտոնում է հաստատվել ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը:
• ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստվում են համակարգված հարված հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի` Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված դիրքերին:
• Հուլիսի 17-ին Սիրիայի կողմից Իսրայելի օդային տարածք է ներխուժել անհայտ անօդաչու թռչող սարք։ Անօդաչուն խոցելու համար Իսրայելի զինված ուժերը դրա ուղղությամբ սկզբից արձակել են ամերիկյան Patriot ՀՕՊ ԶՀՀ երկու հրթիռ, այնուհետև «օդ-օդ» դասի հրթիռ՝ F-16 կործանիչով։ Հրթիռները չեն կարողացել խոցել թիրախը, և ԱԹՍ-ն հեռացել է Սիրիայի օդային տարածք:
Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info