Պաշտպանության բանակում ամփոփվել են կիսամյակի աշխատանքները

Հուլիսի 23-ին Ստեփանակերում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի՝ 2016 թվականի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը և հաջորդ ուսումանաշրջանի հիմնական անելիքների նախանշմանը նվիրված նիստ։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ ռազմական խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են բանակի կիսամյակային աշխատանքները

ՊԲ ռազմական խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվել են բանակի կիսամյակային աշխատանքները

Նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, առանձին զորատեսակների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Ռազմական խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել են նաև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՊԲ-ի հրետանու վիճակի, զորատեսակի ներգրավմամբ իրականացված հիմնական գործընթացների, հակաօդային պաշտպանության կազմակերպման, ինժեներական ապահովման և հարակից այլ հարցերի վերաբերյալ զեկուցումներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես նշված ուղղություններում արձանագրված դրական զարգացումները, այնպես էլ թերացումները և բացթողումները, առաջարկվել են հետագայում դրանցից խուսափելու, ծառայության այս կամ այն բնագավառի հետագա բարելավման ուղիներ:

Ռազմական խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել են նաև հուլիսի 18-ից 21-ը ՊԲ-ի միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման մարմինների հետ, զորքերի ներգրավմամբ բազմաստիճան շտաբային և գումարտակային մարտավարական զորավարժությունների վերլուծականները։

Ամփոփիչ խոսում ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում, չնայած խոչընդոտող բազմաթիվ գործոնների առկայությանը, այդ թվում նաև ապրիլին հակառակորդի սանձազերծած նախահարձակ գործողություններին, ՊԲ-ը կատարել է պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ապահովել Արցախի անվտանգությունը:

Նշենք, որ ավելի վաղ՝ շաբաթվա ընթացքում, կիսամյակային ամփոփիչ քննարկումներ են անցկացվել նաև ՀՀ ԶՈւ 1-ին և 3-րդ բանակային կորպուսներում, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *