Հուլիսի 20-ին և 22-ին Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց ծառայության զորամասերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը (1, 2):
Երկու համալսարաններում էլ վիճակահանության ընթացքին հետևել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Արտոնություններ ունեցող (մասնավորապես ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած) մի շարք շրջանավարտներ էլ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրել առանց վիճակահանության:
Նրանցից շատերը որոշել են, հետագա ծառայությունը շարունակել այնպիսի զորամասերում, որոնք ներգրավված են մարտական հերթապահություններում:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտներից են նաև 5 աղջիկ կուրսանտներ, որոնցից երկուսը նույնպես իրենց ապագա ծառայությունը շարունակելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
Հուլիսի 11-ին էլ օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: