Հուլիսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երկրի խորհրդարանում հայտարարել է , որ Իրանը արդեն ստացել է Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ըստ Դեհղանի` համակարգերի մի մասն արդեն տեղակայված է այն վայրերում, որտեղ պիտի կրի մարտական հերթապահություն:
Մինչ այս նշվում էր, որ Իրանի Ս-300 համակարգերը մարտական հերթապահության են նշանակվելու մինչև իրանական տարվա վերջ՝ 2017թ. մարտ ամիսը:
Ինչ վերաբերում է մատակարարումներին, հուլիսի 18-ին իրանական լրատվամիջոցները հայտարարել էին , որ Ռուսաստանը Իրանին է մատակարարել Ս-300ՊՄՈւ2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ Ս-300 համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվել են 2016 թ ապրիլին և ցուցադրվել են Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական խորհրդի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է , որ պայմանագրով նախատեսված սպառազինությունը Ռուսաստանը Իրանին կմատակարարի մինչ տարվա վերջ:
Իրանը և Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման պայմանագիր ստորագրել են 2007թ:
2010թ. ՄԱԿ-ը սահմանեց պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, որով արգելվում էր Իրանին որոշակին զինատեսակների մատակարարումը:Ու թեև դա զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրին չէր վերաբերում, այնուամենայնիվ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին Ս-300 մատակարարել:
Իրանի վրայից պատժամիջոցները հանելու համատեքստում 2015 թ ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հանվեց Ս-300 համակարգերի՝ Իրան արտահանման արգելքը:
Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան