Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժը ստացել է 2006-ին պատվիրված ամերիկյան արտադրության 6 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռներից առաջինը:
Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը, սակայն ամերիկյան կողմը որևէ տեղեկություն չի տրամադրել Թուրքիային հնարավոր փոխանցված ուղղաթիռի վերաբերյալ:
Նախկինում Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում կային «Չինուք CH-47» տեսակի նախորդ արդիականացման ուղղաթիռներ:
Ավելի վաղ՝ 2016 թվականի մարտի վերջին, «Defense News»-ը փոխանցել էր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ներկացուցիչի հայտարարությունն այն մասին, որ ուղղաթիռները դեռևս փորձարկվում են և ամենայն հավանականությամբ 2016-ի ընթացքում առաջինը կփոխանցվի Թուրքիային:
Մինչ այդ թուրքական «Milliyet» պարբերականը հայտնել էր, որ 2016-ի ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ն կստանա 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված 6 միավոր ամերիկյան CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռները, որոնք պատվիրվել էին դեռևս 2006-ից: Նշվում էր, որ ուղղաթիռներից մեկը նախատեսված է Թուրքիայի նախագահականի համար և լինելու է զրահապատ:
2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում որոշվել էր պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ:
Նշենք, որ 2006 թ. Թուրքիան 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել ամերիկյան «Բոինգ» ընկերության հետ` CH-47 Chinook ուղղաթիռներ ձեռք բերելու համար։
CH-47 Chinook ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:«Չինուք-CH-47F» ծանր ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։