Ադրբեջանը մեկնաբանում է Թուրքիայի զինուժին տարածք տրամադրելու հարցը

Հուլիսի լույս 21-ի գիշերը Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը մեկնաբանել է թուրքական զինուժին տարածքներ հատկացնելու նյութը՝ նշելով, որ դա ամենևին էլ թուրքական ռազմաբազայի ստեղծում չէ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած ադրբեջանական զորախումբը (ինքնաթիռը պատկանում է Թուրքիային)

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած ադրբեջանական զորախումբը (ինքնաթիռը պատկանում է Թուրքիային)

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մասնավորապես նշել է, որ Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին (Hacı Zeynalabdin, նախկինում՝ Նասոսնի) ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանը դեռևս 1990-ական թթ. օգտագործվում է միջազգային խաղաղապահ գործողությունների համար ադրբեջանական զորախմբեր Աֆղանստան, Կոսովո և Իրաք տեղափոխելու համար:

Նա ավելացրել է, որ Աֆղանստան ադրբեջանական զորախումբը մեկնում է Թուրքիայի զինուժին պատկանող ինքնաթիռներով, որոնց սպասարկող թուրքական անձնակազմը օդանավակայանի տարածքում համապատասխան տեխնիկական միջոցներ և հանգստի տարածքներ, սենյակներ է ստանում: Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդությունը ևս ստանում է 2 հանգստի սենյակ՝ ինքնաթիռի վայրէջքից կամ թռիչքից մեկ ժամ առաջ, սակայն այնուհետև դա հանձնում է ադրբեջանական կողմին:

Ինչ վերաբերում է Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանում թուրքական զինուժին շենքեր հատկացնելուն, ապա գեներալ Թահիրովը հայտնում է, որ շենքը դեռևս 1990-ականներից վարձակալությամբ հանձնվել էր Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդությանը, սակայն այժմ թուրքական զինուժը ստանում է շենքի տնօրինման և տիրապետման իրավունք:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահը հաստատել էր  Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը։

Նշենք, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն սա ընդամենը նախկինում եղածի ամրագրում է և «Ադրբեջանում թուրքական ռազմաբազա չի ստեղծվում», ամեն դեպքում՝ Թուրքիայի զինուժը Ադրբեջանի ռազմական օբյեկտներում տարածքներ տնօրինելու իրավունք է ստանում, ինչը Թուրքիայի ԶՈՒ-ին մի շարք իրավունքներ է տալիս և հանարավորություններ է ստեղծում հետագայում եղածը ընդլայնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *