ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստվում են համակարգված հարված հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի` Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված դիրքերին:

Միջերկրական ծովում Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա տեղակայված կործանիչները, որոնք ավելի ուշ մասնակցել են ԻՊ դեմ ավիահարվածներին. լուսանկարը AFP գործակալության (նոյեմբեր 2015)
Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, փոխանցելով Ֆրանսիայի կառավարության խոսնակ Ստեֆան լե Ֆոլի խոսքերը:
Վերջինս նշել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիան այժմ Վաշինգտոնում է և պատրաստվում է ամերիկացիների հետ համակարգված հարվածի կազմակերպմանը:
Նշենք, որ 2014 թ. Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավում են հսկայական տարածքներ, որից հետո սրվում է ԻՊ-ի դեմ պայքարը:
ԱՄՆ-ի գլխավորությամբ 2014 թ. սեպտեմբերին կազմավորվում է միջազգային կոալիցիա, որը օդային հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին: Նույն թվականի աշնանը Ֆրանսիան միանում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային:
Ապա 2015 թ. հունվարի 13-ին Ֆրանսիայի խորհրդարանը երկարաձգում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պայքարում՝ ֆրանսիական զինուժի մասնակցությունը:
2015 թ. նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարում է, որ Ֆրանսիան պատրաստվում է ընդլայնել ԻՊ դեմ իր գործողությունները՝ ներառելով բոլոր այն կողմերը, որտեղից կարող է վտանգ սպառնալ իրենց:
Այնուհետև նոյեմբերի 8-ին Սիրիայի՝ Իրաքի հետ սահմանային Դեր Զոր քաղաքում Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նավթահորերին հարվածներ են հասցնում:
Սա ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալուց հետո Ֆրանսիայի 3-րդ գործողությունն էր Սիրիայում:
Դրանից հետո՝ նոյեմբերի 13-ին, ԻՊ զինյալները ահաբեկչություն են կազմակերպում Փարիզում՝ խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր: Սրանից հետո Ֆրանսիան ավելի խստացրել է պայքարը ահաբեկչական կազմակերպության դեմ:
Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան