«Իսլամական պետություն» խմբավորումը նոր ահաբեկչությունների պատրաստման համար հայտարարել է զինյալների մոբիլիզացիա Ադրբեջանից, Վրաստանից, Հյուսիսային Կովկասից: Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականին:
Ահաբեկչության նոր ալիքի համար որպես թիրախ ԻՊ-ն նախատեսում է առավելապես Արևմտյան Եվրոպան և Թուրքիան:
Համաձայն լրատվամիջոցի տեղեկության՝ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը և երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ ահաբեկչության պատրաստման շրջանակներում ԻՊ 25 զինյալների խումբը արդեն հավաքված է և սպասում է Ադրբեջանով, Վրաստանով, ինչպես նաև Կիպրոսով Թուրքիա տեղափոխվելուն:
Նշենք, որ օրեր առաջ «Ջեյնս» վերլուծական կենտրոնը հրապարակել էր զեկույց, որի համաձայն՝ ԻՊ տարածքների անջատման և կառավարման դժվարությունների հետ կապված՝ահաբեկչական խմբավորումը կարող է փոխել իր մարտավարությունը և նոր ահաբեկչություններ կազմակերպել մասնավորապես նաև Թուրքիայում ու Եվրոպայում:
Թուրքիայի հատուկ ծառայությունները և ոստիկանությունը հունիսից աշխատում են խստացված ռեժիմով: Հունիսի 13-ին ահաբեկչության վտանգի առկայության պատճառով կասեցվել է Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացչության գործունեությունը Անկարայում, նաև գլխավոր հյուպատոսության գործունեությունը Ստամբուլում, որը չեղակեց նաև հուլիսի 14-ին ծրագրված հանդիսությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն էր եղել, որի արդյունքում զոհվել էր 45 մարդ, 200-ից ավելին վիրավորվել: Թուրքիայի իշխանությունները ահաբեկչությունը կապում էին ԻՊ խմբավորման հետ:
Սակայն ԻՊ խմբավորման հայտնի դեմքերից Մուրադ Մարգոշվիլին մի տեսանյութում հայտարարում է. «ԻՊ-ն կապ չունի եղբայրական ժողովուրդ թուրքերի դեմ իրականացված ահաբեկչությունների հետ»: Նա նշում է, որ իրենց համար դժվար իրավիճակներում թուրքերը «բազմիցս օգնել են, կանգնել են իրենց կողքին»:
Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:
Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը: