Թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեկնաբանում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը Սիրիայի վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել է Ռազմինֆոն, Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է կառավարությանը Սիրիայիում ռազմական գործողություներ իրականացնել։ Մենք խնդրեցինք մեկնաբանել այդ լուրը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանին։

Լևոն Հովսեփյան — Պարոն Հովսեփյան, երեկ Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ թույլատրեց թուրքական զինված ուժերին երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ ծավալել: Առաջին հերթին ո՞ւմ դեմ է ուղղված այդ որոշումը:

— Հարկ է նշել, որ դեռևս թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից առաջ Թուրքիայի կառավարությունը դիմելու էր երկրի խորհրդարանին Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողությունները երկարաձգելու հավանություն ստանալու համար և դա նախատեսված էր քննարկման դնել հոկտեմբերի 4-ին: Նման լիազորություն թուրքական բանակին տրվել էր դեռ 2007 թ., և պարբերաբար մեկ տարով երկարացվել է: Ուղղակի վերջին իրադարձություններով պայմանավորված Թուրքիան այդ ցանկում ներառեց նաև Սիրիային: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է արդեն անդրսահմանային գործողություններ իրականացնել նաև Սիրիայի տարածքում, քանի որ ըստ թուրքական սահմանադրության, նման լիազորություն զինված ուժերին տալիս է խորհրդարանը: Այս համատեքստում կարծում եմ, որ Թուրքիայի համար այդ միջադեպը հարմար առիթ էր Սիրիային էլ ներգրավվելու այդ փաստաթղթում: Նախ սա ուներ նախազգուշական նշանակություն, բայց կարծում եմ, որ Թուրքիան այնուամենայնիվ կդիմի ինչ-որ սահմանափակ ռազմական անդրսահմանային գործողությունների:

— Արդյո՞ք սա նշանակում է, որ մոտ ապագայում թուրք-սիրական պատերազմ կսկսվի:

— Չբացառենք նաև այդ տարբերակը, սակայն, ամենայն հավանականությամբ, Թուրքիան կփորձի ինքնուրույն իրականացնել սահմանային անվտանգության գոտու հարցը, որի համար քայլեր էր ձեռնարկում և փորձում համաձայնության գալ Արևմուտքի հետ: Այս առումով արդեն իսկ Թուրքիայի փաստարկներից է մոտ 90 հազարի հասնող սիրիացի փախստականների խնդիրը և ստեղծված իրավիճակը, որի մասին բարձրաձայնեցին, ինչպես նաև սահմանային շրջաններում քուրդ զինյալների առկայության մասին հայտարարությունները: Իսկ հրետակոծություններն ուղղակի վերջին միգուցե ամենահիմնավոր փաստարկներն էին:

— Կարող ենք Թուրքիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանել որպես հավանական սպառնալիք ոչ միայն Սիրիայի, այլև Թուրքիայի բոլոր հարևանների համար:

— Չեմ կարծում, որ այդ լիազորությունը վերաբերում է բոլոր հարևաններին, քանի որ նման ձևակերպում փաստաթղթում չկա: Ուղղակի որոշ լրատվամիջոցների սխալ թարգմանության կամ սխալ մեկնաբանության հետևանք է այն, որ «օտար երկրներ» ձևակերպումը նույնացվել է «հարևան երկրներ» ձևակերպման հետ: Սակայն ընդհանուր առմամբ, Թուրքիայի իշխանությունների վերջին տարիների վարքագիծն ու քաղաքականությունը իր որոշ հարևանների նկատմամբ բավական ագրեսիվ է և կարծում եմ նաև անկանխատեսելի: Բացի այդ, Թուրքիայի աճող սպառազինումն ու գերռազմականացումը վտանգավոր են ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ իր հարևանների համար:

— Թուրքիայի խորհրդարանը վերջին անգամ ե՞րբ և ո՞ր դեպքերի կապակցությամբ է ընդունել նման որոշում:

— Թուրքիայի զինված ուժերը հատկապես Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ մղված գործողությունների մեծ փորձառություն ունեն: Թուրքական ռազմական ստորաբաժանումներն ու ռազմական ավիացիան հաճախակի են ռազմական անդրսահմանային գործողություններ իրականացնում Հյուսիսային Իրաքում: Առաջին անգամ Թուրքիան սահմանափակ օդային հարվածներ Հյուսիսային Իրաքում հասցրել է 1983 թ.: Հետագայում Թուրքիան սահմանափակ անդրսահմանային գործողությունների համար թույլտվություն ստացավ Իրաքի կառավարության կողմից: Այսինքն՝ անդրսահմանային գործողությունները կարգավորվում էին երկու երկրների միջև առկա համաձայնությամբ: Մասնավորապես՝ 1984 թ. Թուրքիայի ու Իրաքի միջև ստորագրված արձանագրությամբ կողմերից յուրաքանչյուրը իրավունք ուներ անդրսահմանային գործողություններ իրականացնել մինչև 5 կմ խորությամբ: Այս համաձայնությունը պահպանվեց մինչև 1990-ական թթ. սկիզբը, երբ սկսվեց Ծոցի պատերազմը: Թուրքիան նաև ցամաքային խոշորամասշտաբ գործողություններ իրականացրեց 1990-ականներին, մասնավորապես՝ 1992, 1995-1997 թթ.: Այս ժամանակահատվածում Իրաքը պարբերաբար դժգոհություն էր հայտնում Թուրքիայի նման գործողություններից, սակայն Անկարան տեղի չէր տալիս՝ վկայակոչելով Ծոցի պատերազմի կապակցությամբ ՄԱԿ ԱԽ 688 բանաձևը, որով սահմանափակվում էր Իրաքի կառավարության ինքնիշխանությունը Հյուսիսային Իրաքի նկատմամբ: Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների գործողությունների ակտիվացման հետ կապված ակտիվացավ անդրսահմանային գործողություններ ձեռնարկելու խնդիրը և 2007 թ. խորհրդարանը Թուրքիայի զինված ուժերին անդրսահմանային գործողություններ իրականացնելու լիազորություն տվեց: Ամեն տարի կառավարությունը ևս մեկ տարով այդ գործողությունները երկարաձգելու թույլտվությամբ դիմում է խորհրդարանին: Հոկտեմբերի կեսերին լրանում էր նախորդ տարվա լիազորությունը և կառավարությունը դիմելու էր ևս մեկ տարով երկարաձգելու այն:

— Ընդդիմությունն՝ ի դեմս քեմալականների, «դեմ» քվեարկեց։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են քեմալականները, որոնք ավանդաբար բանակի շահերն են ներկայացնում, հանդես գալիս «խաղաղասիրական» դիրքորոշմամբ։

— Խորհրդարան ներկայացված նախագծին, փաստորեն, դեմ քվեարկեց հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, իսկ մյուս ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը հակված է նման հարցերում ավելի արմատական ու վճռորոշ գործողությունների, իր աջակցությունը հայտնեց կառավարությանը: Դեմ հանդես եկավ նաև խորհրդարանական քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը: Ինչ վերաբերում է ԺՀԿ-ի դիրքորոշմանը, ապա այն միշտ հանդես է եկել հատկապես իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությամբ՝ համարելով, որ Թուրքիան բախվում է լրջագույն և վտանգավոր խնդիրների: Ոստի, այս նախագծին դեմ հանդես գալը, ըստ այդ կուսակցության դիրքորոշման, պայմանավորված է Թուրքիան կործանարար զարգացումներից զերծ պահելու համոզմունքով: ԺՀԿ-ն բավական սուր քննադատում էր կառավարությանը և հատկապես վարչապետ Էրդողանին՝ սիրիական խնդրում ներգրավվելու համար: ԺՀԿ-ի դեմ իրենց հանդես գալն արդեն իսկ կանխավ պարզ էր:

— Թուրքիայի խորհրդարանի որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի կայունության վրա:

Դեռևս հստակ չէ, թե Թուրքիան ինչ գործողությունների կգնա, ինչպիսի ձևաչափով ու ներգրավվածությամբ: Ամենայն հավանականությամբ՝ հենվելով իր պաշտպանական հայեցակարգի վրա, կիրականացնի ինչ-որ կանխարգելիչ գործողություններ: Դա վերաբերում է թե ցամաքային, և թե օդային բաղադրիչներին: Թուրքիան կփորձի նաև կանխարգելիչ գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում՝ հյուսիսային սահմանակից շրջաններում քրդերի ու զինյալների դեմ, սակայն դա էլ ավելի կարող է սրել իրավիճակը, ինչպես Սիրիայում, այնպես էլ բուն Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում: Մեկ օր առաջ թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն հրապարակեցին, որ Իմարլի բանտից Ա. Օջալանը ուղերձ է հղել Սիրիայի քրդերին ու երիտասարդներին՝ կոչ անելով որպես երրորդ ուժ 15 հազարանոց բանակ ձևավորել՝ ի հակադրություն սիրիական կառավարական ուժերի ու ապստամբների: Սա բավական վտանգավոր կարող է լինել: Քրդական գործոնը կարող է բավական վտանգավոր դառնալ Թուրքիայի համար: Մյուս կողմից պետք է հաշվի առնել Իրանի գործոնը, քանի որ հայտարարություններ հնչել էին, որ Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների պարագայում իրանական կողմը չի լինելու հետևողի կարգավիճակով: Ուստի, Թուրքիայի կողմից սիրիական տարածք ներխուժելը կարող է բավական վտանգավոր զարգացումների տանել տարածաշրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *